Բացահայտիր Արագածոտնը- Աստվածընկալի վանական համալիր

Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասախ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա:
Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան:
Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ ձորակներով կտրտված, մինչև Քասախ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում՝ ձորը, որտեղով հոսում է Քասախ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը:

Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից: Ճարտարապետական կառույցների հիմքը դրվել է 4-5-րդ դարերի սահմանագծում։ Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուրբ Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակվա տերերը՝ Գնթունիները:
1207 թվականին գավառի նոր տերերի՝ Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է, և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն:
1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը, ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը:
1244 թվականին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը: Վաչուտյան ամուսինները Կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք:
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով:
Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա: Գմբեթը նստած է կողմնային երկու որմնամույթերի և կիսասույների վրա հենված շրջանաձև հիմքի վրա:

Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային, արևմտյան ճակատի շքամուտքը, որը հարդարված է դեկորատիվ քանդակներով:
Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր:
Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը՝ սպիտակ:
Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ Կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով: Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները: 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է՝ գմբեթի վերնամասը՝ վեղարով, ընկել է, քանդվել են ծածկի կենտրոնական հատվածները, թափվել են կտուրի ծածկասալերը:
1244 թվականից հետո սկսվել է գավթի կառուցումը, որի վրա առկա է վիմագրական արձանագրություն. «․․․Զեոս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող․․․»։
Աստվածընկալ գյուղի հիմնադրումը չի կարելի չկապել Աստվածընկալ վանքի կառուցման հետ, իսկ դա նշանակում է, որ այն հիմնադրվել է առնվազն 4-րդ դարում, ունեցել է զարգացման ու անկման ժամանակաշրջաններ, որոնք համընկել են սելջուկների արշավանքներին, թուրք-պարսկական պատերազմներին:
Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում։
Կոորդինատներ՝ 40°27′47″N 44°26′37″E