Բացահայտիր Արագածոտնը- Արագած՝ արցունքներից ծնված ու հսկաների կանչով քարացած լեռը

Հայկական լեռնաշխարհի վեհաշուք գագաթներն իրենց մեջ կրում են դարերի պատմություն, խորհրդավորություն և սերնդեսերունդ փոխանցվող իմաստուն ավանդույթներ:
Ըստ հին ավանդության`հայոց լեռները մի ժամանակ եղել են հաղթանդամ ու հսկա եղբայրներ: Նրանք ունեին մի անխախտ սովորություն. ամեն օր վաղ առավոտյան արթնանալով՝ նախ կապում էին իրենց գոտիները և հետո միայն ողջունում ու բարևում միմյանց:
Սակայն ժամանակն անցնում է, և հսկա եղբայրները ծերանում են: Մի օր, երբ տարիքի պատճառով արդեն ավելի ուշ են վեր կենում, արթնանալով հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և անմիջապես բարևում են իրար:
Աստված, տեսնելով կարգի այս խախտումը, բարկանում է և պատժում եղբայրներին. նրանք քարանում են ու դառնում վեհաշուք լեռներ, նրանց կապած գոտիները վերածվում են կանաչ ու ծաղկուն դաշտերի, իսկ քարացած հսկաների արցունքները դառնում են անմահական, սառնորակ աղբյուրներ:
Այդ քարացած հսկաներից իր մեծությամբ չորրորդը հենց արքայական Արագածն է՝ Մեծ Մասիխից, Սեբելանից և Սիփանից հետո:
Արագած լեռն իր էությամբ, բնությամբ ու կառուցվածքով լիովին տարբերվում է իր հավերժական հակոտնյայից՝ Մասիսից։
Ի տարբերություն Մասիսի, Արագածի մեղմաթեք ու գրկաբաց լանջերը չափազանց ջրառատ են, բերրի, ծածկված հեքիաթային ալպյան մարգագետիններով ու հարուստ արոտավայրերով:
Ժողովրդական պատումներն այս հակադրությունն ու լեռների ստեղծած աշխարհագրությունը բացատրում են մեկ այլ հուզիչ ու քնարական լեգենդով։
Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով ու անբաժան քույրեր են լինում: Սակայն մի օր, ինչպես հաճախ պատահում է քույրերի միջև, նրանք վիճում ու կռվում են: Մեկն ասում է, թե ինքն է ավելի լավը ու ավելի բարձրը, իսկ մյուսը հակադարձում է, թե ինքը թե՛ ավելի բարձր է, թե՛ անհամեմատ ավելի գեղեցիկ: Քույրերի վեճին ականատես է լինում մոտակա Մարութա լեռը և իր ողջ իմաստնությամբ փորձում է հաշտեցնել նրանց: Տեսնելով, որ իր բոլոր ջանքերն ապարդյուն են, և ինքն անկարող է քույրերի միջև խաղաղություն վերահաստատել, Մարութա լեռը հուսահատ թողնում, հեռանում է և սրտեղած անիծում նրանց: Նրա անեծքը չարագուշակ ու դաժան էր. նա կամենում է, որ Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք ու ոչ մի պարագայում չհանդիպեն:
Վեճի թեժ պահին քույրերը չեն հանդարտվում և սկսում են անիծել նաև միմյանց։
Մասիսն իր հերթին անիծում է Արագածին, որ հավերժական վիշտը երբեք դուրս չգա նրա սրտից, իսկ դառնագին արցունքները երբեք չպակասեն աչքերից: Արագածն էլ պատասխան անեծքով կամենում է, որ Մասիսը վշտից չորանա, աշխարհի երեսին ոչ մի մարդ չբարձրանա նրա կատարը, և նրա վրա երբեք մատաղ չմորթվի:
Եվ հենց այդպես էլ կատարվում է, լեռների փոխադարձ անեծքները դառնում են իրականություն: Արագածի վեհ գագաթին քրոջ կարոտի ու վշտի արցունքներից գոյանում է մի հիասքանչ, սառնորակ լիճ, իսկ նրա փեշերից ու լանջերից սկսում են բխել հազարավոր կենսատու աղբյուրներ: Մինչդեռ Մասիսը, հավատարիմ քրոջ անեծքին, մնում է ամայի, ցամաքում է ու չորանում. ոչ ոք չի բարձրանում նրա անհասանելի գագաթը, և այնտեղ երբեք մատաղ չի մորթվում: Այսպիսով, Արագածն իր մեջ ամփոփում է հայոց բնության ողջ շատրվանող հարստությունն ու քնարական թախիծը՝ մնալով հայկական հողի ամենաջրառատ ու կանաչապատ խորհրդանիշներից մեկը: