Բացահայտիր Արագածոտնը - Ախթամիր հնավայր

Ախթամիրը (հայտնի նաև որպես Աղթամուր, Թամիր կամ Կզըլթամիր) հանրապետական նշանակության բազմաշերտ հնավայր, որը ներառում է ամրոց, քաղաքատեղի, դամբանադաշտ, քարայր-կացարանների համալիր և վիշապաքար:
Այս յուրահատուկ հուշարձանը կարևոր տեղ է զբաղեցնում վաղերկաթեդարյան ամրոց-բնակավայրերի շարքում, որոնք հետագայում վերաօգտագործվել ու ձևափոխվել են ուրարտական շրջանում:
Հնավայրը գտնվում է ընդարձակ հրվանդանի եզրին և զբաղեցնում է մոտ 90 հեկտար տարածք: Դրա միջնաբերդն ունի 155 մետր երկարություն և 135 մետր լայնություն, որի ներսում գտնվում է բնակատեղին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ դամբանադաշտը:
Արևմուտքից հյուսիս-հարավ ձգվող պարսպաշղթաները վերանորոգվել են տարբեր դարաշրջաններում և ամրացված են հզոր որմնահեցերով. հենց բուն պարիսպը ուրարտական է: Տարածքում նախադրված են վաղբրոնզեդարյան խեցեղենի տարածքներ (5-6 հա): Վաղերկաթեդարյան դամբանադաշտն ունի հյուսիս-հարավ կողմնորոշված քարարկղային կամ հիմնահողային դամբանախցեր, որոնք ծածկված են տուֆե սալերով և շրջապատված հենապատերով:
Հնավայրում առկա են նաև մարդակերպ և ֆալուսատիպ կոթողներ, իսկ միջնաբերդից արևմուտք 1977-1978 թվականներին բերվել է բազալտե վիշապաքար, որը տեղական ծագում չունի:
Աղթամիրի տարածքում կատարված հետախուզական և հնագիտական աշխատանքների շնորհիվ բացահայտվել են բնակեցման մի քանի փուլեր: Վաղագույն փուլը վերաբերում է արտադրող տնտեսության ձևավորման շրջանին (նոր քարի դար, պղնձաքարի դար՝ մ.թ.ա. VIII-VI հազարամյակներ): Մշակութային շերտերով ներկայացված են նաև վաղ բրոնզի դարը (մ.թ.ա. IV-III հազարամյակներ), միջին բրոնզի դարը (մ.թ.ա. XX-XVI դարեր), ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերը (մ.թ.ա. XIV-IX դարեր): Ուրարտական շրջանը ներկայացված է մ.թ.ա. VIII-VI դարերի մշակութային շերտով:
Հնավայրում հստակ վկայված են նաև հետուրարտական, անտիկ և միջնադարյան տարբեր շրջափուլեր, ինչը երևում է ինչպես վերգետնյա խեցեղեն առարկաների, այնպես էլ պահպանված կառույցների տեսքով:
Այս հարուստ պատմություն ունեցող հնավայրն ուսումնասիրվել է բազմաթիվ հայ և օտար հետազոտողների կողմից, այդ թվում՝ Թ. Թորամանյանի, Ե. Բայբուրդյանի, Հ. Մարտիրոսյանի և Գր. Արեշյանի կողմից: 1920-ական թվականներին հնավայր է այցելել Ա. Քալանթարը, ով նկարագրել է դրա բնակեցման փուլերը: 1973 թվականին հետախուզական պեղումներ է կատարել Է. Խանզադյանը, իսկ 1993-1995 թվականներին հայ-բելգիական համատեղ արշավախումբը պարբերական հնագիտական հետազոտություններ է իրականացրել՝ բացահայտելով մոտ 1950 քառակուսի մետր տարածք միջնաբերդում և դրա մոտակայքում:
Պեղումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ: Դրանց թվում են վերգետնյա և պեղումնային խեցեղեն (կճուճներ, կարասներ, քրեղաններ, սափորներ), կավե ու քարե տնտեսական և գինու հորեր, ինչպես նաև երկրագործական քարե գործիքներ: Դամբանադաշտից հայտնաբերվել են խեցեղեն, բրոնզից և երկաթից զենքեր, զարդեր ու քարե կուռքեր: Հատկանշական և հիշարժան գտածոներից են տեգը, դաշույնը, դաշույնի պատյանը և բրոնզից պատրաստված պատկերազարդ գոտին:
Այս վայրի հետ է կապվում նաև մի հետաքրքիր ավանդազրույց, ըստ որի՝ Լենկ Թեմուրը երկար ժամանակ պաշարել է տեղի գյուղը, սակայն չի կարողացել գրավել այն: Մի ծեր կին մաղով պարիսպներից դուրս կիր է թափում, իսկ գյուղացիները աղբի հետ ալյուր են նետում:
Զարմանալով գյուղացիների այդ հնարամտության և թվացյալ առատության վրա՝ Լենկ Թեմուրը հեռանում է:
Այսօր ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում: Այն տարբեր դարաշրջաններում ենթարկվել է բազմակի շինարարական միջամտությունների, իսկ քաղաքատեղիում միջնադարյան բնակեցման պատճառով վաղ փուլերի կառույցները զգալիորեն խաթարվել են:
Տեղակայումը՝ Հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի (բնակավայրի) տարածքում, Ոսկեվազ գյուղից 2.5 կմ դեպի հարավ, Քասախ գետի աջ, բարձրադիր ափին, 1008 մետր բարձրության վրա:
Կոորդինատները՝ 40.25395, 44.28522
Լուսանկարը `armeniahiddengems.aua.am- ի