Բացահայտիր Արագածոտնը-Թալինի քարավանատուն

· Թալին

Բացահայտիր Արագածոտնը-Թալինի քարավանատուն

Թալինի քարավանատունը պատմամշակութային ուշագրավ հուշարձան է, որը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։

Այսօր դրա ավերակները պահպանվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի շրջանում՝ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։

​Քարավանատունն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ 73 մետր երկարությամբ և 37 մետր լայնությամբ։

Այն կառուցվել է 12-13-րդ դարերում՝ սև, գորշ և կարմրավուն սրբատաշ տուֆ քարերով ու կրաշաղախով։ Շինության կառուցումը կապվում է Զաքարյանների իշխանական տոհմի հետ։ Դժբախտաբար, դարերի ընթացքում պատմական այս վեհաշուք շինությունից այսօր պահպանվել է միայն չնչին մասը։

​Այս իջևանատունը եղել է միջնադարյան միջազգային տարանցիկ առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը։ Այն տեղակայված էր հանրահայտ Մետաքսի ճանապարհի վրա, որը ձգվում էր Չինաստանից ու Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա։ Հայաստանի տարածքում այն սպասարկում էր հատկապես Դվինից Անի տանող առևտրային մայրուղին և հանդիսանում էր Մեծ Հայքի խոշորագույն քարավանատներից մեկը, քանի որ գտնվում էր Անիից ուղիղ մեկ օրվա ճանապարհի հեռավորության վրա։

Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր աշխատություններում նշում է, որ քարավանատունը գտնվում էր «Հին և Նոր Թալինների ճանապարհի միջին կետի վրա»։

​Համալիրը նախագծված է եղել մեծածավալ առևտրային հոսքեր ընդունելու համար։ Երկու հյուրատուն-սրահների միջև առկա էր ընդարձակ բակ-վաճառանոց, որը կարող էր միաժամանակ տեղավորել մինչև 300 ուղտերով բեռնված քարավաններ։ Իջևանատան բակում հաճախ կազմակերպվում էին մեծ տոնավաճառներ, որոնք ծառայում էին նաև որպես շուկա Թալինի տեղացի բնակիչների գյուղատնտեսական արտադրանքը վաճառելու համար։ Շինությունն ունեցել է հատուկ առանձնացված սենյակներ ինչպես մարդկանց՝ վաճառականների, այնպես էլ կենդանիների՝ ուղտերի համար։ Ժողովրդի շրջանում այս պատճառով այն ստացել է նաև «Դևեքի քարավանսարա» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է ուղտերով վաճառականների հյուրանոց։

​Հայաստան, Արագածոտնի մարզ, քաղաք Թալինից դեպի Դաշտադեմ տանող ավտոճանապարհ

Կոորդինատներ. 40.3547° N, 43.8442° E