Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Խաչատուր Աբրահամյան
· Ապարան

Խաչատուր Մանուկի Աբրահամյանը հայկական խորհրդային կինեմատոգրաֆիայի պատմության վառ դեմքերից մեկն է , ում գործունեությունը սերտորեն կապված է ազգային կինոյի հիմնադրման և վերելքի տարիների հետ։ Ծնվել է 1903 թ. - ի սեպտեմբերի 15-ին։ Երևան քաղաքում։
Նրա տոհմը Մուշից վերաբնակվել է Ափնա մոտավոր 1829թ։
Հայրը երկար տարիներ աշխատել է Երևանում որպես բանվոր։ Նա զոհվել է 1905 թ.–ին հայ–թուրքական հակամարտություններից մեկի ժամանակ Ապարանում։ Խաչիկին երկու տարեկանից խնամել է տատիկը՝ հոր մայրը։ Մինչև 1917 թվականը տատը հացթուխությամբ պահել է նրան և տվել ուսման։ Սովորել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում։ Երրորդ դասարանից ընդունվել է Երևանի թեմական դպրոցը և սովորել մինչև 1918 թ.–ը, միևնույն ժամանակ աշխատելով մասնավոր խանութպանի մոտ՝ որպես գործակատար։
1918–1919թթ.–ին աշխատել է Երևանի Կովկասյան բանկում՝ որպես ցրիչ։ 1919–1920թթ. աշխատել է Արտաքին Գործոց Մինիստրությունում՝ դարձյալ որպես ցրիչ։ 1920–22թթ. Հայաստանի խորհրդայնացումից հետո աշխատել է Ներքին գործոց ժողկոմում՝ որպես ցրիչ։ 1922–23թթ. առաջ է քաշվել Պիշչեվիկների միությունում՝ որպես միության հրահանգիչ և տեղկոմ։ 1923–24թթ.–ին աշխատել է Երևանի պետական թատրոնում որպես կոնտրոլյոր և սիրող դերասան։ 1924–26թթ.–ին սովորել է Մոսկվայի հայկական դերասանական կուրսերում և միաժամանակ աշխատել է Մոսկվայի «Արարատ տրեստի» բաժանմունքում՝ որպես փաթեթավորող բանվոր։
Որպես դերասան, Խաչատուր Աբրահամյանն իր նվիրումով և ինքնատիպ կերպարներով հարստացրել է հայկական կինոյի ոսկե ֆոնդը։ Նրա դեբյուտը կայացել է 1927 թվականին «Ղուլ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է ոստիկանի դեր։
Դրան հաջորդել են մի շարք հիշարժան դերակատարումներ, որոնցում նա հաճախ հանդես է եկել թե՛ որպես դերասան, թե՛ որպես ֆիլմի գլխավոր տնօրեն։
1928 թվականին նա նկարահանվել է «Զամալլու» (որպես բանվոր) և «Հաշիմ» ֆիլմերում։ 1929 թվականին իր կազմակերպչական ձիրքն է ներդրել «Ով է մեղավոր» ֆիլմում, իսկ 1930 թվականին աշխատել է միանգամից մի քանի նախագծերի վրա, այդ թվում՝ «Կիմը՝ հերթապահ», «Միշտ պատրաստ» և «Ուշադրություն», որտեղ տնօրինմանը զուգահեռ մարմնավորել է հարբեցողի կերպարը։
1930-ական թվականներին Աբրահամյանի դերասանական և կազմակերպչական ակտիվությունը էլ ավելի է մեծացել։ 1931 թվականին նա մասնակցել է հայտնի «Կիկոս» ֆիլմի ստեղծմանը՝ ստանձնելով մաուզերիստի դերը, ինչպես նաև հանդես է եկել սպայի դերով «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմում։
1932 թվականին նկարահանվել է «Անբանը» (գործկոմի նախագահ) և «Քրդեր-եզդիներ» (Խուրշուդ) կինոնկարներում։ Դրան հաջորդել են դերերը «Երբ ծաղկում են այգիները» (գեղջուկ, 1934թ.) և «Վեց համազարկ» (մաուզերիստ, 1937թ.) ֆիլմերում։
Առանձնահատուկ հիշատակության է արժանի 1938 թվականի «Սևանի ձկնորսները» ֆիլմը, որտեղ նա մեծ վարպետությամբ կերտել է Վաղինակի կերպարը, որից ստացված տպավորիչ դրվագները մինչ օրս պահպանվել են հայ կինոյի պատմության էջերում։
Անգամ պատերազմական և հետպատերազմյան դժվարին տարիներին նա չի դադարեցրել իր ստեղծագործական ուղին։ Նրա ֆիլմագրությունը հաջորդաբար հարստացել է այնպիսի գործերով, ինչպիսիք են «Լեռնային արշավ» , «Լեռնային հեղեղ», «Քաջ Նազար» (պալատական, «Սովետական լեզվի դասը», «Դուստրը» և «Անահիտ» (Նարիման) ։ Իր ուշ շրջանի դերակատարումներից հանրությանը հայտնի են հատկապես թուրք սպայի դերը «Ինչու է աղմկում գետը» էպիկական դրամայում և ընկերոջ կերպարը «Հեղնար աղբյուր» հանրահայտ ֆիլմում, որն էլ դարձավ նրա վերջին աշխատանքը կինոյում։
Նա մեծ մասնակցություն է ունեցել նաև Ափնա գյուղում կառւցված հայրենական պատերազմի նվիրված հուշարձանի կազմակերպչական գոործին։.Քանդակագործը իր եղբոր որդի ՀՀ ժողովրդական քանդակագործ Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետը Խաչիկի որդի Ռաֆիկ Աբրահամյանը։

Խ. Աբրահամյանը մահացել է 1974թ. սեպտեմբերի 26–ին` իրենից հետո թողնելով հարուստ կինեմատոգրաֆիական ժառանգություն, որն անկյունաքարային նշանակություն ունեցավ հայկական էկրանային արվեստի ձևավորման գործում։