Բացահայտիր Արագածոտնը-Աշտարակի «Խաղաղության ծառ» խորհրդավոր հուշարձանը

· Աշտարակ

Բացահայտիր Արագածոտնը-Աշտարակի «Խաղաղության ծառ» խորհրդավոր հուշարձանը

Արագածոտնի մարզի մշակութային ու վարչական կենտրոն Աշտարակ քաղաքը հարուստ է ժամանակակից արվեստի ինքնատիպ կոթողներով:

Դրանց թվում իր ուրույն տեղն ու խորհրդանիշն ունի «Խաղաղության ծառ» հուշարձանը, որը վեր է խոյանում քաղաքի սրտում՝ Ներսես Աշտարակեցու հրապարակում։

Մետաղաձույլ այս արձանը տեղադրվել է 2014 թվականին և ներկայումս գտնվում է կանգուն վիճակում։ Այն միջազգային համագործակցության և ստեղծագործական փնտրտուքի արդյունք է։

Իտալացի անվանի քանդակագործ Մասսիմո Լիպպին, հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ միասին, փնտրել ու գտել է պատերազմական կամ կենցաղային հնամաշ, անպիտան մետաղյա գործիքներ ու խողովակներ։ Լիպպին որոշել է նոր կյանք պարգևել այդ մաշված գործիքներին՝ դրանք կտրելով ու ձևափոխելով այնպես, որ խորհրդանշեն Հայաստանի պատմությունը։

​«Խաղաղության ծառը» սոսկ մետաղական կառուցվածք չէ. այն հայ ժողովրդի կրած տառապանքների, ցավի, տոկունության և վերածննդի յուրօրինակ խորհրդանիշն է։ Քանդակի յուրաքանչյուր հատված ունի իր հստակ պատմական ու հոգևոր իմաստը։ Ծառի հաստ բունը խորհրդանշում է Հայաստանի ծնունդը։

Բնից սկիզբ առնող ճյուղերը կտրվում են և նորից աճում՝ պատկերելով մահվան ու կյանքի հավերժական կռիվը։

Դա հայ ժողովրդի անցած ուղին է, որը, ենթարկվելով տարբեր բռնությունների, ջարդերի ու հալածանքների, երբեք չի չորացել։ Աստվածային հրաշքով և ժողովրդի կամքով այն միշտ թեքվել է դեպի կյանքը, բռնել վերհառնման ուղին՝ ինչպես զիգզագ, ու թեև նորից կտրվել ու ենթարկվել է տառապանքի, միևնույն է, շարունակել է իր հաղթական ընթացքը։

​Արձանի հիմքը հայոց պատմությունն է, իսկ վերևում պատկերված է Արարատը։ Քանդակի ամենավերին մասում՝ ծառի գագաթին, ձիթենու ճյուղը կտցին պահած Նոյյան աղավնին է, որը հանդիսանում է հայ ժողովրդի տառապանքի ու ցավի ավարտի խորհրդանիշը։

Ծառն աճում է 7 օրերի խորհրդի համաձայն։ Աղավնին խորհրդանշում է Քրիստոսին, որը հարությունն է ու վերածնունդը, և խաղաղություն է բերում։ Այն իր բերանում պահած ձիթենու ճյուղով կյանքի ծառը վերադարձնում է այնտեղ, որտեղից որ այն սկիզբ է առել։ Հեղինակն ինքը՝ Մասսիմո Լիպպին, նշել է, որ տեսնելով պատերազմի այդ անպիտան գործիքները, հասկացել է, որ դրանց պետք է կենդանություն տալ։ Նա ցանկացել է մետաղյա խողովակները կտրել այնպես, որ արտացոլեն ոչնչացվող, ջախջախվող, ամեն անգամ կտրվող, բայց միշտ կյանքին ու խաղաղությանը վերադարձող Հայաստանը։

Քանդակագործի մեծագույն ցանկությունն էր, որ ողջ աշխարհը խոսեր Աշտարակ քաղաքի մասին և հենց այստեղից մեկնարկեր համընդհանուր խաղաղությունը։

​Տեղակայումը. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ

Կոորդինատներ. 40.298914, 44.364441