Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Արևշատ Խոսրովի Ավագյան. Բազմատաղանդ արվեստագետի գրական և պատկերային աշխարհը
· Աշտարակ

Արևշատ Ավագյանը հայ մշակույթի այն ինքնատիպ դեմքերից է, ում հաջողվել է հավասարապես դրսևորվել և՛ որպես տաղանդավոր բանաստեղծ ու արձակագիր, և՛ որպես ինքնատիպ նկարիչ, թարգմանիչ ու հասարակական գործիչ։
Ծնվել է 1940 թվականի հուլիսի 24-ին Աշտարակ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցում, իսկ արվեստի հանդեպ սերը նրա մեջ արթնացել է դեռ վաղ տարիքից, ինչի վկայությունն է այն, որ արդեն 1957 թվականին նա ղեկավարում էր Աշտարակի պիոներների պալատի նկարչական խմբակը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում, որն ավարտել է 1966 թվականին, իսկ տարիներ անց՝ արժանացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Պատվավոր շրջանավարտ» տիտղոսին։
Գրական ու լրագրողական ասպարեզում նրա քայլերը սկսվել են դեռ ուսանողական տարիներից, երբ աշխատանքի անցավ «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես գրականության բաժնի վարիչ։
1969 թվականին նա ներկայացրել է Հայաստանը Մոսկվայում կայացած երիտասարդ գրողների համամիութենական հավաքին, իսկ 1970 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1971-1973 թվականներին որպես ավագ խմբագիր աշխատել է հայկական հեռուստատեսության ստուդիայում, ինչից հետո իր ստեղծագործական կյանքը երկար տարիներ կապել է հանրահայտ «Գարուն» ամսագրի հետ․ 1973-1975 թվականներին եղել է գրականության բաժնի վարիչ, ապա՝ արձակի և պոեզիայի բաժնի վարիչ, իսկ 1976-1983 թվականներին ստանձնել է գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։
Արևշատ Ավագյանի ստեղծագործական և կազմակերպչական եռանդը սահմաններ չի ունեցել։ 1984-1986 թվականներին նա եղել է ՀԳՄ Արարատյան գրական միավորման պատասխանատու քարտուղարը, իսկ 1986 թվականի փետրվարից նշանակվել ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1986-ին նա նաև հիմնադրել է ազգային հեռուստատեսությամբ եթեր տրվող հանդես։
Նրա հասարակական-մշակութային գործունեության կարևորագույն էջերից է «Մշակույթի հայկական ֆոնդը», որի նախագահն է հանդիսանում 1994 թվականից սկսած։ Բացի այդ, նա 1996 թվականին հիմնադրել է «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը, 1999 թվականին ստեղծել Մշակութային խորհրդարանը, իսկ 2010 թվականին հիմնել «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը։ Նա նաև իր գիտելիքներն է փոխանցել սերունդներին՝ 2005 թվականից դասավանդելով Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում (զանգվածային լրատվամիջոցներ և մշակույթ), իսկ 2010 թվականից՝ Երևանի մշակույթի համալսարանում (մշակութաբանություն և արվեստի պատմություն)։
2011 թվականից նա հանդիսանում է ՀՀ Գիտատեխնիկական ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Արևշատ Ավագյանը շուրջ 20 բանաստեղծական և արձակ ժողովածուների հեղինակ է։
Նրա պոեզիային բնորոշ են պատկերավոր լեզվամտածողությունը, քնարականությունը, խորը շունչն ու հայրենասիրական պաթոսը։ Նրա հայտնի գրքերից են՝ «Ակունքներ», «Օրերի հայտնություն», «Մաքրվող հեռուներ», «Նավը ուղեկանի մեջ», «Աստղի ծնունդը», «Երկնային պատուհաններ» (բանաստեղծություններ, պոեմներ), «Հոգենյութ», «Հոգեգույներ ծածկագրերով», «Ինքնության գույնն ու իմաստը», «Բառերի բանալին», «Հանգրվաններ», «Սերմացու լույս»։ Նա նաև արձակ էջերի ու պատմվածքների հեղինակ է («Անթառամներ», «Լուսավոր հետագիծ»)։
Գրականության մեջ ունեցած մեծավաստակ ավանդի համար 1981 թվականին նրա «Լույսի արմատներ» բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։
2007 թվականին նրա «Աստղալույսերի ձայնը» ժողովածուն ճանաչվել է ՀԳՄ տարվա լավագույն բանաստեղծական գիրք, և նույն տարում գրողն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և ԵՊՀ ոսկե մեդալներին։ Հետագայում նա պարգևատրվել է նաև հեղինակավոր «Մովսես Խորենացի» մեդալով, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի կողմից՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով՝ ազգային հասարակական կյանքում և գրականության մեջ ունեցած ակնառու ավանդի համար։
Նա հարստացրել է հայ ընթերցողի միտքը նաև թարգմանական բարձրարժեք գործերով՝ հայերեն հնչեցնելով ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի և այլ ազգերի բանաստեղծների ստեղծագործություններ, իսկ իր իսկ գործերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ 2008 թվականին Երևանում նրա կողմից կազմվել և լույս է տեսել «Արդի հայ քնարերգություն» անթոլոգիան։
Զուգահեռաբար, Արևշատ Ավագյանը կերտել է իր վառ ու տպավորիչ ուղին կերպարվեստում։ Նրա առաջին տպագիր գործը լույս է տեսել դեռ 1963 թվականին, իսկ գեղանկարչական աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսը բացվել է 1973 թվականին՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում։ 1974 թվականին նա սեփական ձևավորմամբ հրատարակեց «Մաքրվող հեռուներ» ժողովածուն, ինչից հետո ինքն է ձևավորել Երևանում ու Մոսկվայում լույս տեսած իր բոլոր գրքերը, այդ թվում՝ 1976-ին հրատարակված «Նավը ուղեկանի մեջ» ժողովածուն։
1977 թվականին նա ունեցել է անհատական ցուցահանդես Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ 1978-ին գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ է բացել Մոսկվայի գրողների կենտրոնական տանը և «Տրուդ» թերթի խմբագրատանը։ 1979 թվականին Երևանում հրատարակել է նաև «Ի՞նչ կարող է անել բանաստեղծը» մանկական պատկերագիրքը։
Այսօր նա Հայաստանի նկարիչների, գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է՝ մնալով մեր օրերի ամենավառ և բազմակողմանի զարգացած մտավորականներից մեկը։