Բացահայտիր Արագածոտնը- Կաքավաձորի առեղծվածային հնավայրը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Կաքավաձորի առեղծվածային հնավայրը

Կաքավաձորի հնավայրը մի հնագույն ծիսական վայր և ծավալուն քաղաք-ծիսավայր է՝ հարուստ գաղտնիքներով ու առեղծվածներով:

Դեռևս փոքրածավալ պեղումների արդյունքում բացված հետաքրքիր նյութերը առավել շատ մտածելու տեղիք են տալիս, քան հարցերի պատասխաններ:

​Այն իրենից ներկայացնում է մեգալիթյան համալիր, որտեղ առանձնանում են մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. V դար թվագրվող հնագույն ամրոցը և հայտնի Շամիրամի կրոմլեխները (դամբարանադաշտերը):

Վաղ բրոնզի դարից ձևավորված ամրոց-միջնաբերդը, պարսպապատ քաղաք-ծիսավայրը հնագույն մարդու կենցաղի ու հավատալիքների մասին պատկերացում կազմելու համար տալիս է երևակայությանը անսահման հնարավորություններ:

​Շրջակա միջավայրը հուշում է, թե ինչպես է մարդը մի քանի հազար տարի առաջ այստեղ համերաշխորեն ապրել բնության հետ: Հնավայրը գտնվում է կիրճի եզրին, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռն ու Արարատյան դաշտը:

Այս պատմամշակութային մեծարժեք հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համանուն Կաքավաձոր գյուղից հարավ-արևելք, իսկ դրա աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 40°21'43"N 44°10'34"E: