Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Արագածոտնի մարզում

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին՝ «Պետությունը մենք ենք» և «Մենք ենք մեր պետությունը» խորագրերի ներքո։
Տոնական օրվա առթիվ Արագածոտնի մարզի խոշոր համայնքներում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, բանախոսություններ և համերգային ծրագրեր։
Ապարան համայնքում տոնական ծրագիրը կմեկնարկի ժամը 11:00-ին՝ Ապարանի արվեստի դպրոցի դահլիճում, որտեղ օրվա խորհրդին նվիրված բանախոսությանը կհաջորդի համերգային ծրագիրը։
Աշտարակ համայնքում միջոցառումները կանցկացվեն մի քանի բնակավայրերում. Օշականի և Սասունիկի մշակույթի տներում բանախոսությունները տեղի կունենան ժամը 12:00-ից 13:00-ն, իսկ Աշտարակ քաղաքի մշակույթի պալատում՝ ժամը 14:00-ից 15:30-ն։
Թալին համայնքում նախատեսված է հագեցած շրջայց-միջոցառումների շարք, որը կմեկնարկի ժամը 10:00-ին Թալին քաղաքից (Տերյան-Շահումյան փողոցների հատման տարածքում) և կշարունակվի Արագածավան (11:30), Արտենի (12:15), Ցամաքասար (13:15), Կարմրաշեն (14:00) և Ներքին Բազմաբերդ (15:00) բնակավայրերում։
Բացի այդ, ժամը 14:00-ին Թալինի երաժշտական դպրոցում կկայանա հանդիպում երիտասարդների հետ, որի բանախոսն է Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը։
Բոլոր միջոցառումներն ուղեկցվելու են երգ ու պարով՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ արժևորել քաղաքացիական պատասխանատվությունը և պատասխանատու քաղաքացու դերը պետության հզորացման գործում։
Համայնքապետարանները սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու տոնական միջոցառումներին։