Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին-Մկրտիչ Մկրտչյան

Մկրտիչ Մկրտչյանը հայ իրականության մեջ հայտնի է որպես տաղանդավոր ազգային-ազատագրական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ և անձնվեր ազատամարտիկ, ով իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ ծառայել է հայրենիքին։
Նա ծնվել է 1962 թվականի ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում։ Երաժշտական կրթություն ստանալու նպատակով 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն Արցախյան շարժումն ու հայրենիքի պաշտպանության հրամայականը շուտով նրան տարան ռազմաճակատ։
Նրա մարտական ուղին սկսվել է 1990 թվականին, երբ նա միացավ Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին։ Գետաշենի անկումից հետո Մկրտիչ Մկրտչյանը տեղափոխվեց Շահումյանի շրջան, որտեղ ընդգրկվեց Վերինշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո մարտական ծառայությունը շարունակեց Մարտակերտում։
Հետագայում նա իր հաստատուն տեղը գտավ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ մասնակցելով Մարտակերտի, Կովսականի, Ֆիզուլիի և Քարվաճառի շրջանների մարտական գործողություններին։ 1993 թվականի մարտի 7-ին, Մանիֆլու գյուղի մատույցներում մղվող թեժ մարտերի ժամանակ, նա վիրավորում է ստացել։
Մկրտիչ Մկրտչյանի հայրենասիրությունն ու կապը բանակի հետ չընդհատվեցին նաև տարիներ անց․ նա կամավորագրվեց ու իր մասնակցությունն ունեցավ ինչպես 2016 թվականի Քառօրյա, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծավալված ծանր մարտերի ընթացքում նա կրկին ծանր վիրավորում ստացավ։
Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների, արիության և արվեստում ունեցած մեծ ավանդի համար Մկրտիչ Մկրտչյանն արժանացել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալի և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալի։
Ազգային երգի նվիրյալն ու արիասիրտ մարտիկը կյանքից հեռացավ 2023 թվականի նոյեմբերի 4-ին՝ 61 տարեկան հասակում՝ մեր պատմության մեջ թողնելով անջնջելի հետագիծ թե՛ բեմում, թե՛ մարտի դաշտում։