Բացահայտիր Արագածոտնը - Ապարանի ջրամբար. Ջրասույզ պատմություն և բնության հրաշք

· Ապարան

Բացահայտիր Արագածոտնը - Ապարանի ջրամբար. Ջրասույզ պատմություն և բնության հրաշք

Ապարանի ջրամբարը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ջրատնտեսական և լանդշաֆտային կառույցներից մեկն է, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ ծովի մակարդակից շուրջ 1800-1850 մետր բարձրության վրա:

Այս արհեստական լիճը ձևավորվել է Քասաղ գետի վերին հոսանքում՝ 1962-1967 թվականներին իրականացված շինարարության արդյունքում, որի ճարտարագիտական մտահաղացման հեղինակը Ցոլակ Հակոբի Գևորգյանն էր:

Ջրամբարի հիմնական նպատակը ոռոգման ջրի կուտակումն ու արդյունավետ բաշխումն է, ինչը հնարավորություն է տալիս կանոնավոր ոռոգել Աշտարակի և տարածաշրջանների գյուղատնտեսական հողատարածքները:

​Կառույցի տեխնիկական բնութագիրը տպավորիչ է. այն ունի 91 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակարը կազմում է 81 միլիոն խորանարդ մետր:

Ջրամբարի հայելու մակերեսը զբաղեցնում է մոտ 7,9 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ պատվարը, որն ունի 200 մետր երկարություն և 50 մետր բարձրություն, կառուցված է տեղական հողային նյութերից:

Ջրի հոսքն ապահովվում է ինչպես Քասաղ գետի, այնպես էլ Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ և Քուչակ գետակների ու մթնոլորտային տեղումների հաշվին:

Ձմռան ամիսներին ջրամբարը սովորաբար սառցակալում է, իսկ ամռանը դառնում է զովության և հանգստի կենտրոն:

​Ապարանի ջրամբարը բացառիկ է իր պատմամշակութային շերտերով:

Շինարարության ընթացքում ջրի տակ են մնացել պատմական Քասաղ, Զովունի և Ղուշչի բնակավայրերը, որոնց բնակիչները տեղափոխվել են Երևանի մերձակայք:

Այս տարածքում է գտնվում IV դարի նշանավոր կոթողը՝ Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը, որը ջրի մակարդակի բարձրացման հետևանքով տարեկան մի քանի ամիս անցնում է ջրի տակ, իսկ ամռան վերջին և աշնանը կրկին հայտնվում է ցամաքում՝ ստեղծելով յուրահատուկ միստիկ պատկեր:

Նախքան տարածքի ողողումը, հաջողվել է փրկել և անվտանգ վայր տեղափոխել V դարի Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքր եկեղեցիները:

​Բնական աշխարհի տեսանկյունից ջրամբարը հարուստ է ձկնատեսակներով. բացի տեղական կողակից, այստեղ բուծվել են նաև Սևանի իշխանը, սիգը և ծածանը, իսկ վերջին շրջանում տարածում է գտել նաև խեցգետինը:

Շրջակայքի բարենպաստ կլիման և գեղատեսիլ բնությունը նպաստել են այստեղ բազմաթիվ հանգստյան գոտիների ստեղծմանը:

Ջրամբարը գտնվում է Ապարանի դաշտում՝ Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի միջև ընկած հատվածում:

Կոորդինատներն են՝ 40°29′49″N 44°26′07″E