Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ մոտ 16 մետր երկարությամբ ճանապարհի հողի փլուզման պատճառով վտանգը պահպանվում է, իսկ պատասխանատուների խոստումը «օդ» դուրս եկավ

· Արագածոտն

Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ մոտ 16 մետր երկարությամբ ճանապարհի հողի փլուզման պատճառով վտանգը պահպանվում է, իսկ պատասխանատուների խոստումը «օդ» դուրս եկավ

Հունիսի 11-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզում հորդառատ անձրևի պատճառով Շենավան-Արագյուղ տանող ճանապարհին՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցած դեպքի մասին, երբ հողի փլուզման հետևանքով երթևեկությունը նշված վայրում դարձել էր վտանգավոր։

Հրապարակումից հետո պատասխանատուները խոստացան, որ կարճ ժամանակում սկսվելու են հենապատի կառուցման աշխատանքները, մինչ այդ սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ոստիկանական ժապավեններով տարածքը սահմանազատել էին։

Այսօր՝ հուլիսի 16-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է՝ ոչ մի աշխատանք չի իրականացվել, ճանապարհի այդ հատվածը գտնվում է բարձիթողի վիճակում, չկան անհրաժեշտ լուսային նախազգուշացնող փարոսիկներով հատուկ լուսարձակներ, ժապավեններ և տեղադրված չեն ցուցանակներ, որոնք կազդարարեին, որպեսզի վարորդները տեղեկանային, որ ճանապարհը գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հենց դեպքի երկրորդն օրն էր հորդորել, որպեսզի իրականացնեն աշխատանքներ։ Բայց ինչպես ականատես եղանք այսօր, նույն վիճակն է։

Ճանապարհը վերջերս էր հիմնանորոգվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որն իրականացվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հրատապ «Ճանապարհային դեպարտամենտին» պարտավորեցներ բետոնե հենապատ կառուցեին այդ հատվածում, իսկ մինչ այդ տեղադրեին անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում էին, որ ճանապարհը պետք է անցնեին զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեին ու տեղի ունենային արտակարգ դեպքեր։