Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք
· Ապարան

Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Հուլիսի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Միրաք գյուղ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ։
Ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։