Բացահայտի՛ր Արագածոտնը-Շամիրամի խորհրդավոր կրոմլեխներն ու հնագույն զոհասեղանը

· Շամիրամ

Բացահայտի՛ր Արագածոտնը-Շամիրամի խորհրդավոր կրոմլեխներն ու հնագույն զոհասեղանը

Հայաստանի և հին աշխարհի ամենահետաքրքիր ու խորհրդավոր վայրերից են հնագույն դամբարանադաշտերը, որոնց շարքում իր տեղակայությամբ, ինքնատիպ կառուցվածքով ու հարուստ պատմական նյութով պատվավոր տեղ է զբաղեցնում Շամիրամի դամբարանադաշտը և այնտեղ գտնվող կրոմլեխները։

​Այստեղ պահպանվել են մի քանի տասնյակ կրոմլեխներ, որոնց կենտրոնում դեռևս կանգուն են մնում հնամենի մենհիրները։ Արդեն շուրջ 4000 տարի է, ինչ այս հնագիտական հուշարձանները դիմադրում են բնության տարերքներին ու մարդկային միջամտությանը։

Դրանք իրենց մեջ դեռ բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներ են պարունակում, որոնք սպասում են հետագա հետազոտություններին։

​Շամիրամի դամբարանադաշտի ծիսական ու պաշտամունքային կարևոր նշանակության մասին է վկայում հնագույն զոհասեղանը, որը գտնվում է անմիջապես Շամիրամաձորի եզրին։

Այս զոհասեղանը բրոնզի և երկաթի դարաշրջանների Հայաստանի ծիսապաշտամունքային կառույցների լավագույն ու եզակի օրինակներից է։

Այն տեղակայված է բնակավայրից դեպի դամբարանադաշտ տանող ձորակի մեջ՝ յուրահատուկ մի սահմանագծում, որը խորհրդանշում է «ողջերի և մեռյալների» քաղաքների արանքը։

​Այս վայրից բացվող տեսարանը չափազանց տպավորիչ է և վեհ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ հնագույն մարդիկ պատահական վայրեր չէին ընտրում նման կարևոր ու նշանակալից հոգևոր նպատակների համար։

​Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Շամիրամ համայնք

Կոորդինատները՝ 40.2917, 44.1132