Բացահայտիր Արագածոտնը-Թալինի Կաթողիկե եկեղեցի (Թալինի մեծ տաճար)
· Թալին

Թալինի Կաթողիկե եկեղեցին, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է նաև որպես Թալինի մեծ տաճար, եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի հոյակերտ կառույց է։
Այն հանդիսանում է բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդման բացառիկ նմուշ։ «Կաթողիկե» անվանումը հայկական եկեղեցական համատեքստում նշանակում է մայր, գլխավոր, տիեզերական եկեղեցի՝ հոգևոր այնպիսի կառույց, որը համարվում է հայրապետի նստավայրը, ինչն էլ հենց բացատրում է տաճարի երկրորդ՝ «Մեծ տաճար» անունը։
Թեև տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական ուղղակի վկայություններ չեն պահպանվել, սակայն կառուցվածքային, հատակագծային ու ճարտարապետագեղարվեստական առանձնահատկությունների վերլուծությունը թույլ է տալիս այն թվագրել 7-րդ դարով։
Եկեղեցու կառուցումը վերագրվում է Կամսարական տոհմին, մասնավորապես՝ Ներսեհ Գ-ին։ Ուսումնասիրողների կարծիքով՝ այն կառուցվել է Կամսարականների օրոք, ինչպես և դրանից ոչ հեռու գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Այս տոհմը հսկայական ավանդ է ունեցել հայկական շինարարական և ճարտարապետական կյանքում, և հենց նրանք են հետագայում հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։
Տաճարի պատմությունը լի է դրամատիկ էջերով։ 774 թվականին տեղի է ունենում արաբների դաժան հարձակումը, որը պատմության մեջ հայտնի է «Թալնո կոտորած» անունով։ Արաբները թալանում և կողոպտում են բնակավայրը, սպանում ու գերեվարում տեղի բնակչությանը, ինչի հետևանքով վնասվում են բազմաթիվ աշխարհիկ ու հոգևոր կառույցներ, այդ թվում՝ Կաթողիկե եկեղեցին։ Հաջորդող տարիներին (774-775 թթ.) հայերի մղած ապստամբական գործողությունների ճնշման ու հալածանքների հետևանքով Կամսարականները հեռանում են երկրի քաղաքական թատերաբեմից։ Դրանից հետո, երբ ձևավորվում է Բագրատունյաց թագավորությունը, տնտեսական պայմանների բարելավմանը զուգահեռ վերանորոգվում և բարգավաճում է նաև Թալինի տաճարը։
Մասնավորապես, 1040 թվականին Հովհաննես-Սմբատ Բագրատունի թագավորը եկեղեցուն այգիներ է նվիրում։

Ճարտարապետական տեսանկյունից տաճարը կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարերից։ Դրսի չափսերն են 17,8 x 34,3 մետր, իսկ աղոթասրահի ներսի չափսերը՝ 15,80 x 27,0 մետր։ Այն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Տաճարի արտաքին հարդարանքը շեշտված է շքեղ ու գեղեցիկ զարդաքանդակներով, հատկապես աչքի է ընկնում գեղատեսիլ արևմտյան ճակատը՝ կազմված զույգ խորշերի միջև գտնվող խոյակներով։
Եկեղեցու ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի հարուստ որմնանկարների պատառիկներ։ Ըստ ներսում պահպանված եզակի արձանագրության՝ որմնանկարների պատվիրատուն եղել է Մովսես եկեղեցապանը։ Հատկապես շքեղ զարդարված է եղել ավագ խորանը։
Ավագ խորանի կիսագմբեթում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակը, որտեղ Հիսուսի փոխարեն պատկերված է միայն նրա գահը։ Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր՝ թևավոր արարածներ մարդու, առյուծի, ցլի և արծվի կերպարներով, որոնցից այսօր պահպանվել են միայն սպիտակ թևերը։
Դեպի ավագ խորան տանող կամարի տասը մեդալիոններում (շրջանակներում) պատկերված են սրբերի դիմապատկերներ և հավասարաթև խաչ։ Հարավային պատին մասնակիորեն պահպանվել է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը։ Առհասարակ, ամբողջ տաճարը հարուստ է եղել հեծյալների, մարդկային ֆիգուրների և ճարտարապետական շինություններ պատկերող բարձրարժեք որմնանկարներով։
Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, քաղաք Թալին, բնակավայրի հյուսիսարևելյան եզրամաս
Կոորդինատներ՝ 40°23′18″N 43°52′20″E
Լուսանկարները `Hushardzan. am-ի