Բացահայտիր Արագածոտնը-Օհանավանի «Կարմիր վանքեր» քարանձավային համալիրը

Օհանավանի «Կարմիր վանքեր» կոչվող քարանձավային համալիրը տեղակայված է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Օհանավան գյուղից մոտ 2 կմ հյուսիս, Քասախ գետի կիրճի ձախակողմյան տուֆաշերտում:
Չնայած այն վարչականորեն պատկանում է Օհանավանին, Սաղմոսավանքին մոտ գտնվելու պատճառով 12-րդ դարի ձեռագիր հիշատակարանում հիշվել է որպես «յԱնապատ քարանձավի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»:
Նույն հիշատակարանի համաձայն՝ 12-րդ դարի վերջում համալիրի հիմնադիրն ու առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը, ով մինչ այդ գործել է Սաղմոսավանքում և հանդիսացել դրա ակնառու դեմքերից մեկը:

Քարանձավային այս կառույցն ունեցել է նպաստավոր պաշտպանական դիրքավորում և տեղակայված է եղել Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանք տանող ձորամիջյան ճանապարհի եզրին: Միջնադարում այն, ամենայն հավանականությամբ, ծառայել է նաև որպես իջևանատուն:
Համալիրն իրենից ներկայացնում է երկհարկանի ժայռափոր կառույց: Ստորին հարկն ամբողջությամբ կերտված է տուֆի շերտում, իսկ վերին հարկի հորինվածքում առկա է նաև բազալտային խառնաքար: Իր կառուցողական առանձնահատկություններով այն հիշեցնում է Խնձորեսկի ժայռափոր համալիրները և Հայաստանի նմանօրինակ ուշագրավ կառույցներից է:
Առաջին հարկի սենյակները հիմնականում ծառայել են որպես բնակելի և տնտեսական տարածքներ, իսկ երկրորդ հարկն ունեցել է պաշտպանական նշանակություն:

Ստորին հարկի աջ մասում փոքրիկ խուց է, որից ձախ գտնվում է գմբեթաձև առաստաղով սենյակը: Վերջինս ունի ծխից սևացած երկու խորշ և կապված է հարևան թոնրատան հետ, որտեղ պահպանվել են մեծ ու փոքր թոնիրները: Պատերի մեջ փորված են կենցաղային նշանակության խորշեր:
Հաջորդ բաժինը փոքրիկ ժայռափոր եկեղեցին է:
18-րդ դարում Սիմեոն Երևանցին իր «Ջամբռ» աշխատությունում` թվարկելով Սաղմոսավանքին պատկանող ուխտատեղիները, նշել է. «Երրորդն է ի մեջ ձորոյն ի ներքոյ Սերկևիլ գեղջն յանուն Աստուածածնի վիմափոր մատուռ մի»:
Սուրբ Աստվածածին եկեղեցու ուղղանկյունաձև մուտքը բացվում է արևմուտքից և գետնից փոքր-ինչ բարձր է տեղադրված: Սրահի լուսավորությունն ապահովելու համար վերջնամասում հատուկ անցք է բացված:
Արևելյան հատվածում տեղադրված է բեմահարթակով խորանը, որը սրահին միանում է երկու կողմերում գտնվող աստիճաններով:
Եկեղեցու սրահն ուղղանկյունաձև է՝ գմբեթարդով:
Տաճարի պատերն ու առաստաղը մշակված են և պատված ծեփով: Դրանց վրա նկատելի են կարմիր ներկով արված երկրաչափական զարդանախշեր և հայերեն արձանագրությունների հետքեր, ինչպես նաև 13-րդ դարին բնորոշ փորագրված խաչեր:
Քարանձավն ուսումնասիրողներից Սարգսյանը նշել է, որ հենց այդ կարմիր որմնանկարների պատճառով էլ կառույցն ստացել է «Կարմիր վանք» անվանումը:
Սուրբ Աստվածածնից ձախ գտնվում է մեծ ու փոքր հորերով շտեմարանը, որը միաժամանակ ծառայել է որպես բնակատեղի: Այդ մասին են փաստում ճրագի ծխից սևացած պատերն ու անկողինների համար նախատեսված խորշերը:
Առաջին հարկի վերջին հատվածը գմբեթաձև ծածկով կլոր դահլիճ է, որը նույնպես, հավանաբար, բնակելի նշանակություն է ունեցել: Այն ունի երեք ընդարձակ խորշեր: Բոլոր սենյակների պատերը մանրակրկիտ մշակված ու հղկված են:
Երկրորդ հարկը ներառում է երեք առանձնացված հատվածներ, որտեղ հնարավոր է եղել ապաստանել շուրջ 200 մարդու:
«Կարմիր վանքեր» քարանձավային համալիրի առաջին ուսումնասիրությունը 20-րդ դարի սկզբին կատարել է Խաչիկ Դադյանը։
1979 թվականին քարանձավագետների մի խումբ (Է. Սարգսյան, Մ. Սարգսյան, Դ. Հակոբյան, Լ. Խաչատրյան) իրականացրել է դրա չափագրումը:
Տեղակայումը.
Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղից շուրջ 2 կմ հյուսիս, Քասաղ գետի կիրճ (ձախ ափին):
Կոորդինատները՝ 40.3541° N, 44.3883° E (40°21'15"N 44°23'18"E)
Լուսանկարները `Hushardzan. am-ի