Բացահայտիր Արագածոտնը - Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռ

Եղիպատրուշի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը հայկական հոգևոր ժառանգության այն խորհրդավոր անկյուններից է, որտեղ միահյուսվում են պատմական իրողություններն ու ժողովրդական հրաշապատումները։
Այս սրբատեղին գտնվում է Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքից մոտ 15 կմ դեպի հարավ՝ Եղիպատրուշի ջրամբարի հարավարևելյան ափամերձ հատվածում։

Տեղանքը ոչ միայն աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, այլև կրում է 19-րդ դարի գաղթականների բերած հոգևոր ուժը։
1820-1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանից վերաբնակեցված հայերի թվում էր Համբարձումյանների տոհմական հոգևորականների գերդաստանը, ովքեր իրենց հետ գյուղ են տեղափոխել «Նարեկ» անունով սուրբ Ավետարանը։

Այս ձեռագիրը տարիներ շարունակ դարձել է գյուղի ու հարակից բնակավայրերի բնակիչների հույսի ու ապաքինման աղբյուրը։
Ժողովրդական հիշողության մեջ պահպանվել են բազմաթիվ պատմություններ գրքի հրաշագործ ուժի մասին։
Դրանցից մեկը պատմում է մի մանկան մասին, ում բժիշկներն անհույս էին համարել սպազմոֆիլիա հիվանդության պատճառով, սակայն Համբարձումյանների ընտանիքի մեծերի կողմից Ավետարանի ընթերցումներից հետո երեխան լիովին առողջացել է։
Մեկ այլ դեպքում ընտանիքի տղաներից մեկը, տառապելով հոգեկան խանգարումներով, տեսիլք է ունենում սուրբ գրքի մասին և մատուռում աղոթելուց հետո վերագտնում է իր առողջությունը։
Մատուռի ու Ավետարանի հանդեպ ակնածանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ խորհրդային աթեիստական տարիներին ՊԱԿ-ի ներկայացուցիչները, լսելով սրբությունը պղծողների գլխին եկած փորձանքների մասին, չեն համարձակվել մտնել մատուռի տարածք կամ առգրավել գիրքը։
Այսօր Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը շարունակում է մնալ ուխտատեղի, որտեղ մարդիկ այցելում են թե՛ պատմական շունչը զգալու, թե՛ հոգևոր անդորր գտնելու համար։
Կոորդինատներն են՝ 40.428751, 44.409395
Լուսանկարները `Հայաստանի մատուռներ-ի