Բացահայտիր Արագածոտնը-Կայք գյուղ

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում է գտնվում Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին ծվարած Կայք գյուղը։ Ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա գտնվող այս բնակավայրն ունի հարուստ պատմություն և յուրահատուկ կոլորիտ։
Գյուղն ունի պատմական խոր արմատներ. նախկինում կրել է Մելքոնեքնդ, Մելքումբենդ, Մյուլք, Մուլկի, Մուլքի գյուղ անվանումները, իսկ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Կայք:
Գյուղի բնակչության նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի շրջաններից:
Կայքի կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառները՝ տաք և համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16°C-ից 18°C-ի, իսկ հունվարյանը՝ -6°C-ից -8°C-ի սահմաններում։
Կայքն աչքի է ընկնում իր պատմամշակութային արժեքներով, մասնավորապես՝ գյուղում պահպանված 16-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որը տեղի հոգևոր կյանքի ու պատմության վկան է:
Գյուղը նաև առանձնանում է իր աշխատասեր ու ավանդապաշտ ապրելակերպով:
Գյուղատնտեսությունը համայնքի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Արդյունաբերություն չունեցող այս բնակավայրի հողատարածքները հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր։ Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև խոշոր ու մանր եղջերավոր անասնապահությամբ և թռչնաբուծությամբ:
Կայքի բնակիչները ժառանգել են Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի իրենց նախնիների ամուր ու տոկուն կամքը: Նրանց բնորոշ է բարձր լեռնաշխարհին հատուկ հյուրընկալությունը, հայրենասիրությունը, հողին ու ավանդույթներին կապվածությունը: Լինելով սարերի մարդիկ՝ նրանք աչքի են ընկնում ուղղամտությամբ, համախմբվածությամբ, տոկունությամբ և աշխատասիրությամբ, ինչը թույլ է տալիս հաղթահարել լեռնային տևական ձմեռներն ու արդյունավետ շենացնել իրենց հայրենի օջախը:
Տեղակայումը. Ապարան քաղաքից հյուսիս-արևելք, մարզկենտրոն Աշտարակից 29 կմ հեռավորության վրա, Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին
Կոորդինատներ 40°35′11″N 44°22′17″E: