Բացահայտիր Արագածոտնը- Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի

Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին 7-րդ դարի հայ առաքելական հոյակերտ կոթող է: Այն ընդգրկված է Գառնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

​Եկեղեցին կառուցվել է հավանաբար հայոց իշխան Ներսեհ պատրիկ Կամսարականի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը (հավանաբար Մամիկոնյան նախարարական տնից)։

Սուրբ Գևորգն առանձնանում է իր ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։

Գմբեթավոր տանիքի նմանատիպ ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում։

​Թորոս Թորամանյանն իր ուսումնասիրություններում մանրամասն չափագրել է տաճարի արտաքին եզրագիծը, արևմտյան ճակատի սեղանաձև հիմքով խորշերն ու զույգ սյուները, ինչպես նաև արձանագրել է քարտաշ վարպետների 12 տիպի նշաններ։

Եկեղեցին ամփոփված է 19,5 մետր երկարության և 15,7 մետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Ունի չորս խորան, չորս 3/4 խորշեր և անկյունային չորս սենյակներ (ավանդատներ)։

  • ​Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Դրանց արևելյան պատերի վրա չկան խորանաձև կլորացումներ։ Հարավ-արևելյան սենյակի հյուսիսային պատին և հյուսիս-արևելյան սենյակի հարավային պատին առկա են քառակուսի փոքր խորության խորշեր, որոնցից մեկի հատակը խորանում է հոծ պատի ներսում (ծառայել է որպես գաղտնարան կամ գանձարան)։

  • ​Հորինվածքում իշխողը գմբեթի թմբուկն է։ Գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթ անցումն իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։

  • Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ։

  • ​

  • Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային։ Բոլոր խորաններն ունեն մեկական պատուհան։ Արևելյան անկյունային սենյակներն ունեն երկուական, իսկ արևմտյանները՝ մեկական պատուհան։

  • Պատուհանները դեպի ներս առանձնապես չեն լայնանում։

  • ​

  • Արևելյան խորանում սեղանն ունի միջին բարձրություն։ Կենտրոնական մասի սալահատակից այնտեղ են բարձրանում երեքական աստիճաններով։ Բուն խորանն առաջանալով դուրս է գալիս սահմաններից ավելի քան 1 մետրով։ Արևելյան խորանի առջև առկա է «դաս» կոչվող կիսաշրջանաձև հարթակը, որը բարձրացված է ընդհանուր հատակից շուրջ 10 սանտիմետրով։ Արևելյան սենյակների և կենտրոնական մասի հատակները նույն բարձրության վրա են, իսկ արևմտյան սենյակների հատակները դրանցից ցածր են 50-55 սմ-ով։

  • ​ Եկեղեցու քիվերն ու լուսամուտների պսակները քանդակազարդված են խաղողի ողկույզներով, ատամնաշարերով և կրկնաշար տերևիկներով։

​Տեղակայումը. Հայաստան, Արագածոտնի մարզ, Գառնահովիտ գյուղ

Կոորդինատներ. 40°29′49″N 43°57′22″E