30-40 տարի սպասված ճանապարհը դեռ հերթի մեջ է. Արայի ամառանոցների բնակիչների պահանջը

Վերջին օրերին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսել է Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել այդ բնակավայրերում ապրողների և նշված ճանապարհով երթևեկող վարորդների կողմից, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին, որ վերջապես ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ճանապարհը հիմնանորոգվում է, այլ ոչ թե կատարվում են փոսալցման աշխատանքներ։
Երեկ`հուլիսի 26-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արայի ամառանոցների հարյուրավոր բնակիչներ հույսով և հավատով սպասում են, որ իրենց ճանապարհը, որը մոտ 4-5 կմ է, նույնպես կհիմնանորոգվի, և իրենք կփրկվեն ոչ միայն փոշուց, այլև անձրևային եղանակի ցեխից, ձմռանն էլ՝ մերկասառույց ճանապարհից, և, որ ամենակարևորն է, երբ ամառանոցներում հիվանդի համար կանչ տան, շտապօգնությունը բուժառուին կհասնի շատ արագ, արտակարգ իրավիճակների դեպքում էլ՝ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30-40 տարի է այս ճանապարհը որակյալ ասֆալտի երես չի տեսել։ Հիմա, երբ տեսնում ենք, թե կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում Հայաստանում, վերջերս նաև մեր և Կոտայքի մարզում, ուզում ենք խնդրանքով դիմել, թեպետ շատ ենք դիմել, որպեսզի մեր ճանապարհն էլ, որը հազիվ 5 կմ է, հիմնանորոգեն։
Հաստատ այդ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում գյուղում, Արայի ամառանոցներում, շարժն էլ ավելի կավելանա։ Խնդրում ենք, որպեսզի մեր հարյուրավոր բնակիչների պահանջը կառավարությունը չանտեսի։ Ճիշտ է, անցյալ տարի խորդուբորդ որոշ հատվածներում մարդաբոյ փոսերը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը կարգի բերեց, բայց մի թեթև անձրևից նորից այդ փոսերն էլ ավելի են խորանում ու ավելանում, դրա համար դիմում ենք վարչապետ Ն. Փաշինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ մեր խնդրանքը կյանքի կոչելու համար»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հուլիսի 2-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արայի գյուղի ամառանոցների 3-4 կմ-անոց ճանապարհի ոչ բարվոք վիճակի մասին:
Ճանապարհը լի էր մարդաբոյ փոսերով, նույնիսկ 2 հատվածներում կար փլուզման վտանգ, որը շահագործվում էր իբրև կամուրջ:
Արայի գյուղի ամառանոցների մեծ թվով բնակիչներ խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, խնդրելով, որ հնարավորության սահմաններում ճանապարհը վերանորոգվի, քանի որ այդ փոսերի պատճառով նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաները մի քանի անգամ չեն կարողացել մոտենալ բուժառուին:
Ավելին `սկզբնաղբյուր կայքում