Բացահայտիր Արագածոտնը - «Բքոյի գեղ» ամրոցը՝ Արագածոտնի պատմական հզոր հենակետը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - «Բքոյի գեղ» ամրոցը՝ Արագածոտնի պատմական հզոր հենակետը

Արագածոտնի մարզը հարուստ է հնագույն հուշարձաններով ու պատմական բնակատեղիներով, որոնք վկայում են մեր տարածաշրջանի հազարամյակների պատմության մասին: Դրանց շարքում ուրույն տեղ է զբաղեցնում «Բքոյի գեղ» ամրոցը, որը պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող հնավայր է: Ամրոցի հիմքերը դրվել են դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակում (երկաթի դարաշրջան)՝ ծառայելով որպես պաշտպանական հզոր համալիր, իսկ հետագայում՝ զարգացած միջնադարում (10-20-րդ դարերում), այն վերակառուցվել ու ակտիվորեն օգտագործվել է տեղի բնակչության կողմից:

​Ամրոցը կառուցված է բնական անառիկ ժայռոտ բարձունքի վրա, ինչը հնարավորություն է տվել հսկողության տակ պահել շրջակա ձորերն ու Արագածի հարավային ստորոտով անցնող պատմական ճանապարհները: Այն մեկուսացված կառույց չէ, այլ ընդգրկված է հնագիտական հարուստ միջավայրում. ամրոցից մոտ 300 մետր արևմուտք՝ հրաբխային կոնաձև ժայռի գագաթին, պահպանվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի հնագույն աշտարակի հետքեր, իսկ ստորոտում առկա են երկշար քարերով շարված ուղղանկյունաձև պաշտպանական աշտարակի մնացորդներ: Բացի այդ, 800 մետր արևելք գտնվում են 9-13-րդ դարերի դղյակի մնացորդներ, իսկ դեպի հնավայր տանող ձորում պահպանվել են շուրջ 12 քարայր-կացարաններ (որոնցից հայտնի է «Ղազարի» քարայր-կացարանը): Ամրոցին կից տարածվում է համանուն միջնադարյան գյուղատեղին, որտեղ մինչ օրս տեսանելի են բնակելի շինությունների, կենցաղային փոսերի և տնտեսական կառույցների հետքեր:

​Այս պատմական հուշարձանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ Ուջան գյուղից 1 կմ հյուսիս-արևելք, համանուն («Բքոյի գեղ») գյուղատեղիի արևելյան մասում: Հուշարձանի աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 40.3019° N, 44.2286° E (40°18'06.8"N 44°13'43.0"E):