Բացահայտիր Արագածոտնը-Ավան գյուղ

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հզոր Արագած լեռան հարավային լանջերին է տեղակայված Ավան գյուղը։ Այս բնակավայրն աչքի է ընկնում իր յուրահատուկ կլիմայով, հարուստ բնաշխարհով և դարավոր պատմությամբ։
Ավանը հատկապես աչքի է ընկնում իր հարուստ ու կանաչապատ բնաշխարհով․ գյուղը կարծես թաղված լինի տասնամյակներ առաջ տնկված ընկուզենիների հոծ անտառակների մեջ։ Չնայած հողը քարքարոտ է, այն չափազանց բերրի սևահող է, ինչը տեղի բնակլիմայական պայմանների հետ մեկտեղ հիանալի միջավայր է ստեղծում պտղատու ծառատեսակների համար։
Այստեղ ամենատարածվածն են ընկուզենին, խնձորենին, տանձենին և բարդին։ Գյուղից հյուսիս և հյուսիս-արևելք տարածվում են ընդարձակ ալպյան արոտավայրերը, ինչի շնորհիվ բնակիչներն ակտիվորեն զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Բնակավայրն առանձնանում է նաև ստաբիլ ու մեղմ եղանակային անցումներով․ ձմեռները ձնառատ են, գարնանն անցումը՝ սահուն ու զով, ամառները՝ տաք ու հաճելի, իսկ աշունը՝ առատաբեր։
Ավանի ներկայիս բնակիչների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Բաղեշ, Վան և Կարս քաղաքներից ու գավառներից։ Գյուղի վերաբնակեցման ու հիմնադրման պատմությունը կապված է Հեբիկ Կարապետյանի («Հեքիմ Հեբո») անվան հետ։
Ցեղասպանության տարիներին, մազապուրծ լինելով Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Իշխանաձոր (Իշխնձոր) գյուղից, նա հասնում է Արագածի լանջերին։ Նկատելով տեղանքի նմանությունը իր հայրենի Սասունի լեռներին և գտնելով սառնորակ աղբյուր՝ որոշում է հաստատվել այստեղ։ Այնուհետև նա իր հետ է բերում իր եղբայրներին և այլ սասունցիների՝ դնելով ժամանակակից Ավան գյուղի հիմքերը։
Ավանցիները կրում են իրենց քաջարի նախնիների՝ հատկապես սասունցիների գեներն ու ոգին։ Նրանք աչքի են ընկնում իրենց հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ, լեռնցուն հատուկ կամային, պինդ ու համառ բնավորությամբ, ինչպես նաև հարազատ հողի ու ավանդույթների հանդեպ ունեցած խորը հարգանքով։
Գյուղը հարուստ է նաև հնագույն պատմական հուշարձաններով․ այստեղ են գտնվում V դարում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և X-XI դարերի Սբ. Վարվառա մատուռները, գյուղից 3 կմ արևելք գտնվող մ.թ.ա. 3-րդ - 1-ին հազարամյակի «Ձյանբերդ», 500 մ հարավ գտնվող մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Կզնուտ» և Երկաթե դարի Կիկլոպյան ամրոցները։
Տեղակայումը. Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Արագածի հարավային լանջեր, ծովի մակերևույթից 1750 մ բարձրություն, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևմուտք
Կոորդինատներ. 40°20'7"N 44°10'6"E