Թալինում բացվեց վերակառուցված ամֆիթատրոնը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում բացվեց վերակառուցված ամֆիթատրոնը. Թալինի համայնքապետարան

Թալին քաղաքում տեղի ունեցավ վերակառուցված ամֆիթատրոնի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ոլորտային պատասխանատուները և համայնքի բնակիչները։

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Թալինի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լուսինե Ավագյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին։

Լուսինե Ավագյանը ներկաներին փոխանցեց նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի շնորհավորական ուղերձը։

Իր ուղերձում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին՝ համայնքի բնակիչների, այդ թվում՝ տեղահանված ընտանիքների համար այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելու համար։ Նա ընդգծեց, որ ամֆիթատրոնի վերակառուցումը կարևոր ներդրում է համայնքի մշակութային կյանքի զարգացման, արվեստի և երաժշտության ոլորտում բնակիչների ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև համայնքային համախմբվածության և փոխգործակցության ամրապնդման գործում։

Միջոցառման ընթացքում իր խոսքն ասաց նաև Թալինում բնակվող տեղահանված Լուսինեն։ Նա սրտանց շնորհակալություն հայտնեց թալինցիներին ջերմ հյուրընկալության, սրտաբաց վերաբերմունքի և տեղահանված ընտանիքներին մշտապես աջակցելու համար։

Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով։

Ամֆիթատրոնը վերակառուցվել է Թալինի համայնքապետարանի և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) համագործակցությամբ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ և «Պայքար սովի դեմ» կազմակերպության միջոցով։