Բացահայտիր Արագածոտնը-Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին 7-րդ դարի հայկական ճարտարապետության արժեքավոր կոթողներից է: Այն կառուցված է դեղնակարմրավուն ու դարչնագույն սրբատաշ տուֆից։

Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, խորանի երկու կողմերում ավանդատներ և միակ՝ հարավային մուտք:

Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում կոպտատաշ բազալտից ու կրաշաղախից շինված, ներսից սվաղած, թաղածածկ ջրամբարն է (4.8x13.5 մ ներսի չափերով, 2.85 մ բարձրությամբ):

​Պատմական աղբյուրների համաձայն՝ եկեղեցին 981 թվականին որպես նվիրատվություն ստացել է հողատարածքներ, ջրաղաց, այգի, իսկ 1649 թվականին՝ այգի և ձիթհանք: Վանքի 1101 թվականի արձանագրության մեջ նշվում է, որ որոշակի հայր Հովհաննեսը 200 դահեկան ծախսով վանք է բերել «Բնաջուր» կոչվող առուն։ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գործել է մինչև 18-րդ դարը:

​Եկեղեցու ներսում պահպանվել են 7-րդ դարի որմնանկարների հատվածներ: Խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից՝ վեցական): Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է՝ կատարված գծային-գրաֆիկական եղանակով, ինչը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ:

​Հուշարձանը ժամանակի ընթացքում ենթարկվել է վերականգնումների. 1970–1973 թվականներին նորոգվել են եկեղեցու պատերն ու ծածկերը, իսկ 2007–2008 թվականներին վերականգնվել է վանքի գմբեթը:

​Տեղակայումը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին։

Կոորդինատները՝ 40°18′36″N 44°09′22″E։