Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին-Մկրտիչ Հարությունյան (Մգրո)

· Թալին

Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին-Մկրտիչ Հարությունյան (Մգրո)

Մկրտիչ Արմենի Հարությունյանը, ով հայտնի էր մարտական «Մգրո» անունով, ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ արմատներով սասունցի զինծառայողի ընտանիքում, որի նախնիները գաղթել էին Սասունի Շենիկ և Գրմավ գյուղերից:

Նրա հայրը ծառայել է որպես զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ: Մկրտիչը 1996 թվականին ընդունվել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց, ապա ուսումը շարունակել է նույն քաղաքի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում՝ այն բարձր առաջադիմությամբ ավարտելով 2006 թվականին:

​Նույն թվականին ընդունվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2007 թվականին ուսումն ընդհատվել է, երբ զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասում: Երկու տարի անց զորացրվել է և ավարտելով կրթությունը՝ ստացել բակալավրիաստիճան:

2013 թվականին, հորից թաքուն նամակ ուղարկելով ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրել է իրեն ծառայության վերցնել այն նույն զորամասում, որտեղ անցկացրել էր ժամկետային ծառայությունը:

Այդպիսով, պայմանագրային ծառայության է անցել հատուկ նշանակության զորամասում որպես սերժանտ: Մեկ տարի անց՝ բարեխիղճ ծառայության համար, ստացել է ՀՀ ԶՈւ լեյտենանտի կոչում՝ զբաղեցնելով հատուկ նշանակության խմբի հրամանատարի պաշտոնը, իսկ երկու տարի անց նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում: 2017 թվականից զբաղեցրել է հատուկ նշանակության զորամասի սպա-հրահանգչի պաշտոնը:

Զուգահեռաբար՝ 2016-2018 թվականներին սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

​Մկրտիչ Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին: 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ զինակիցների հետ կանխել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի գրավումը՝ թշնամու հատուկ նշանակության զորքերին («Յաշմա») պատճառելով զգալի կորուստներ:

Առաջին օրվանից ակտիվորեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ մարտնչելով առաջնագծի ամենաթեժ կետերում: 2021 թվականին ստացել է մայորի կոչում, իսկ հաջորդ տարի նշանակվել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում՝ միաժամանակ կատարելով գումարտակի հրամանատարի պարտականությունները: 2022 թվականին նրա գումարտակը մասնակցել է Իշխանասարում տեղի ունեցած սեպտեմբերյան մարտերին՝ հաջողությամբ իրականացնելով հատուկ առաջադրանքներ: 2023 թվականի փետրվարին նշանակվել է հատուկ նշանակության զորամասի սպայական գումարտակի հրամանատար:

​Ծառայության ընթացքում որպես հմուտ հետախույզ գործուղվել է տարբեր օտարերկրյա պետություններ, որտեղ ներկայացրել է ՀՀ ԶՈւ-ն և մասնակցել միջազգային ռազմական միջոցառումների, այդ թվում՝ 2015 թվականին հատուկ ռազմական դասընթացի Հունաստանում և եռամսյա լեռնային դասընթացի Ռուսաստանում, զորավարժությանը Մեծ Բրիտանիայում, 2018-ին՝ Ալպիական զորքերի զորավարժությանն Իտալիայում, 2019-ին՝ հայ-չինական համատեղ զորավարժությանը Չինաստանում, 2019 և 2023 թվականներին՝ «THE UAE SWAT CHALLENGE» մրցումներին Դուբայում (ԱՄԷ), 2021-ին՝ հայ-հույն-կիպրական համատեղ զորավարժությանը Սալոնիկում (Հունաստան), 2022-ին՝ զենք-զինամթերքի ցուցահանդեսին Սերբիայում, ինչպես նաև 2022 թվականի մարտ-հուլիս ամիսներին գործուղվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն որպես զորախմբի հրամանատարի տեղակալ:

​Ծառայողական հաջողությունների և սխրանքների համար պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին իճանի մեդալով, Ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանով, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի Պատվո գրքում զետեղվելու հավաստագրով և մի շարք այլ գերատեսչական պարգևներով: Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

​Մայոր Մկրտիչ Հարությունյանը, ում թշնամին ճանաչում էր դեմքով և անվանում «Մեկո», զոհվել է 2023 թվականիապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

​2024 թվականի հունիսի 4-ին Թալինի Աղասի Խանջյան և Մկրտիչ Հարությունյան փողոցների խաչմերուկում բացվել է Մգրոյի հուշարձան-կոթողը, որը կառուցվել է հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի, մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ: