Մանկապարտեզների շինարարական աշխատանքները՝ մարզպետի ուշադրության կենտրոնում. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Մանկապարտեզների շինարարական աշխատանքները՝ մարզպետի ուշադրության կենտրոնում. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Թալին և Ապարան համայնքերում ուսումնասիրել է կառուցվող և վերակառուցված մանկապարտեզների ընթացիկ և վերջնական աշխատանքները։

Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանի և Միլադա Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետը նախ եղավ Թալին քաղաքի նոր վերակառուցված «Մանչուկ» մանկապարտեզում, որտեղ շինաշխատանքներում ավելի վաղ արձանագրվել էին որոշակի թերություններ և հանձնարարվել էր վերացնել դրանք։ Ստուգայցին ներկա էին նաև Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Հաջորդ կանգառը Ապարան համայնքի Շենավանի նոր կառուցվող մանկապարտեզն էր, որն ավարտական փուլում է և կգործարկվի սեպտեմբերից։ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հետ մարզպետը շրջեց մանկապարտեզի տարածքով ու ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց շինարարի հետ և հանձնարարեց սահմանված ժամկետում և պատշաճ որակով աշխատանքներն ավարտին հասցնել։ Մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 315 մլն դրամ, այն նախատեսված է 60 երեխայի համար։

Շենավանում «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվում է նաև նոր, 288 տեղ հզորությամբ, մեծ ենթակառուցվածքներով ժամանակակից դպրոց, որի աշխատանքները ևս այսօր մարզպետի տեսադաշտում էին։

Այսպիսով, առաջիկայում Շենավան բնակավայրն ունենալու է ժամանակակից մանկապարտեզ և դպրոց՝ մարզադաշտերով, բարեկարգ ճանապարհներով, ինչը գյուղի զարգացման տեսանկյունից առանցքային դեր ունի։

Համայնքային այցն ամփոփվեց Արագած բնակավայրում՝

նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում։ Մանկապարտեզի համար ֆինանսական հատկացումը 367 մլն դրամ է, ավարտված է աշխատանքների 65 %-ը։ Տարեվերջին այն կհանձնվի շահագործման և կընդունի 120 երեխայի։

Պետական և սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման նպատակով մարզպետ Սերգեյ Մովսիսյանի համայնքային այցերը պարբերական են։