Աղբանոցի վերածված տարածք․ Գարեգին Նժդեհ փողոցի և «Ուլատիտիկ» թաղամասի բնակիչները ահազանգում են
· Աշտարակ

Աշտարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի, «Ուլատիտիկ» թաղամասի (ձորի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ փողոց և դեպի վեր բարձրացող ամբողջ տարածքը) բնակիչները ահազանգում են ապօրինի աղբանոցի ձևավորման մասին:
Բնակիչները հայտնում են, որ նախկինում մաքուր ու կանաչապատ տարածքը վերջին տարիներին (սկսած 2019-2020 թթ․) վերածվել է շինարարական և կենցաղային աղբի հսկայական կուտակման վայրի։
Շրջակա տարածքներից և այլ փողոցներից մեծ մեքենաներով պարբերաբար շինարարական աղբ ու թափոններ են տեղափոխում և դատարկում ճանապարհի երկու կողմերում։
Այս աղբակույտերից աջ ընկած է «Ուլատիտիկ» թաղամասը, որտեղ նոր տներ են կառուցվում, իսկ ձախ կողմում՝ Բագավանին պատկանող տարածքը, որտեղով հողե ճանապարհը ձգվում է մինչև Բագավանի պարիսպները և հարակից այգիները:
Աղբակույտերը գնալով ընդլայնվում են դեպի ներքևում գտնվող բնակիչների այգիներն ու տները․ մարդիկ մտահոգություն են հայտնում, որ կարճ ժամանակ անց աղբը լցվելու է հենց իրենց փողոցն ու բակերը։
Խնդիրը միայն շինարարական աղբը չէ․ տարածքում թափված են նաև առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝ քայքայված ասբեստի կտորներ, տարբեր տարաներով անհայտ ծագման նյութեր, ինչպես նաև գաջի, ցեմենտի, ավազի ու քարի փոշի։
Ուժեղ քամիների պատճառով այս ամբողջ վնասակար փոշին ու աղտոտվածությունը տարածվում են շրջակայքում՝ նստելով բնակիչների այգիների, մրգերի ու բանջարեղենի վրա, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար։
Եթե նախկինում բնակիչները գարնանը սեփական ուժերով կազմակերպում էին տարածքի մաքրումը, ապա այժմ ծավալներն այնքան մեծ են, որ առանց հատուկ տեխնիկայի և համայնքային միջամտության հնարավոր չէ որևէ բան անել։
Բնակիչները հորդորում են համայնքապետարանին և պատկան մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տարածքը վտանգավոր աղբից մաքրելու, բեռնատարների կողմից ապօրինի աղբաթափումը կանխելու և համապատասխան վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։
Նրանք նշում են, որ խնդրին լուծում չտրվելու դեպքում ստիպված են լինելու դիմել քաղաքապետարան՝ հարցն անձամբ բարձրացնելու։





