Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Վարդան եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Վարդան եկեղեցի

Սուրբ Վարդան եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում:

Սրբատեղին անվանվել է «Սուրբ Վարդան»՝ ի հիշատակ զորավար Վարդան Մամիկոնյանի:

​Եկեղեցին կառուցվել է 2018–2019 թվականների ընթացքում: Շինարարությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Արմավիրի հայկական համայնքի խորհրդի անդամ, Արմավիր քաղաքի պատվավոր բարերար Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով և միջոցներով:

Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին, 2019 թվականի նոյեմբերի 12-ին եկեղեցին օծվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ:

​Սուրբ Վարդանը Վերին Սասնաշեն գյուղի միակ եկեղեցին է: Մինչ դրա կառուցումը տեղի բնակիչները մկրտության, պսակադրության, մոմավառության և պատարագների համար ստիպված են եղել այցելել մոտակա բնակավայրերի կամ Թալին քաղաքի եկեղեցիներ:

​Շինարարության ընթացքում Ալեքսանդր Սարկիսյանի նախաձեռնությամբ Մշո Սուրբ Առաքելոց վանքի ավերակներից բերվել են քարեր, որոնք տեղադրվել են եկեղեցու հիմքերում և ճակատային մասում: Սուրբ Վարդան եկեղեցու մուտքի դուռը պատրաստված է որպես Մշո Սուրբ Առաքելոց վանքի հռչակավոր դռան կրկնօրինակ, որի բնօրինակը պահվում է Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում:

​Եկեղեցու օծման արարողությունը նշվել է մեծ շուքով, որին մասնակցել են Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզային ու համայնքային ղեկավարներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից: Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Թադե քահանա Թախմազյանը:

​Եկեղեցու անմիջական հարևանությամբ տեղադրված է մեծ խաչ՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Տարածքում է գտնվում նաև «Սասնա Բերդ» թանգարան-թոնրատունը, որը համալրված է ավանդական Սասնա գյուղական տան բազմաթիվ նմուշներով:

​Եկեղեցուն հարում է նաև անվանական եղևնիների պուրակը՝ նվիրված 1901 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի պարիսպների վրա թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական հորդաների դեմ քաջաբար մարտնչած 37 հայդուկներին: Հայդուկներից մեկը Վարդան Տեր-Սարգսյանն էր (Ալվառինջու Վարդան)՝ Մշո դաշտի Ալվառինջ գյուղից, որը Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զինակիցն էր, ինչպես նաև բարերար Ալեքսանդր Սարկիսյանի հորեղբայրը:

​Բարերարի նախնիները արմատներով Մուշից են, ովքեր Արևմտյան Հայաստանից գաղթելով հաստատվել են Վերին Սասնաշենում: Ալեքսանդր Սարկիսյանի նպատակն է եղել շարունակել 4-րդ դարում Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում հիմնադրված Մշո Սուրբ Առաքելոց վանքի պատմությունն ու ավանդույթները:

​Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Վերին Սասնաշեն գյուղ

Կոորդինատները՝ 40.4078° N, 43.9875° E