Ավտովթար Արագածոտնի մարզում․ «Volkswagen Vento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում․ բժիշկները պայքարում են 5 վիրավորներից 1-ի կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկի վիճակը գնահատվել է ծանր։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

