«Քարքարոտ, փոշոտ ու ցեխոտ». Սասունիկի Կարին թաղամասի 2-րդ փողոցի բնակիչներն ահազանգում են ճանապարհի անմխիթար վիճակի մասին

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 2-րդ փողոցում ամենօրյա տեղաշարժը իսկական փորձություն է դարձել տեղացիների համար: Պատճառը ամիսներ առաջ իրականացված խմելու ջրագծերի անցկացման աշխատանքներն են, որոնց ավարտից հետո փողոցը թողնվել է անմխիթար վիճակում:
Ըստ բնակիչների՝ սույն թվականի փետրվարի 14-ից սկսվել և ավարտվել են խմելու ջրի գծերի փոխարինման աշխատանքները:
Սակայն աշխատանքներն ավարտելուց հետո ճանապարհահատվածը պատշաճ տեսքի չի բերվել. այն թողել են քարքարոտ ու քանդված վիճակում:
«Ճանապարհը երբևէ ասֆալտապատ չի եղել, բայց նախկինում բարվոք վիճակում էր: Ջրագծերից հետո այն դարձել է սարսափելի քարքարոտ»,- նշում են բնակիչները։
Անմխիթար ճանապարհը բազմաթիվ կենցաղային ու առօրյա դժվարություններ է ստեղծում տեղացիների համար։
Քամոտ եղանակին փողոցում ահավոր փոշի է բարձրանում:
Անձրևների ժամանակ փողոցը վերածվում է ցեխակույտի, ինչի պատճառով դուրս գալն անհնար է դառնում:
Երեխաները զրկված են խաղալու հնարավորությունից։
Քարքարոտ փողոցում
խաղալն անվտանգ չէ, ուստի ծնողները ստիպված են լինում երեխաներին տանել ներքևի փողոցներ:
Բնակիչները խնդրում և ակնկալում են պատկան մարմինների արագ արձագանքը:
Նրանք առաջարկում են գոնե հողալցում իրականացնել կամ հարթեցնել ճանապարհը, եթե այս պահին ասֆալտապատման հնարավորություն չկա, որպեսզի փողոցը դառնա երթևեկելի և ապահով: