Բացահայտիր Արագածոտնը- «Հավերժների այգի»

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- «Հավերժների այգի»

«Հավերժների այգին» հիշատակի, խոնարհումի և ազգային հպարտության խորհրդանշական տարածք է, որը հիմնադրվել է 2021 թվականին «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ և բարերարությամբ։ Այս յուրօրինակ հուշահամալիրը կառուցվել է ի պատիվ հայ ազգի մեծերի՝ գիտության, մշակույթի և սպորտի անվանի ներկայացուցիչների, ինչպես նաև պատերազմներում, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած անմահ հերոսների։

​Այգու հիմնական առանձնահատկություններից է անվանական ծառերի առկայությունը։ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին տրված ծառատունկի մեկնարկով այստեղ տնկվել են անվանական ծառեր, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է հայ ականավոր գործիչներին և հայրենիքի համար նահատակված հերոսներին։

Ծառատունկի արարողություններին մասնակցել են գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։

​«Հավերժների այգին» կազմում է մեկ միասնական հոգևոր-մշակութային համալիրի մաս։ Նրա անմիջական հարևանությամբ են գտնվում նույն հիմնադրամի կողմից կառուցված Սրբոց Հրեշտակաց եկեղեցին, Սուրբ Խաչը, Հույսի խորանը և Հայոց այբուբենին նվիրված Տառերի պուրակը։

Տարածքը կազմակերպված է այնպես, որ այցելուները կարողանան զբոսնել, խոնարհվել հերոսների հիշատակի առջև և մասնակցել պարբերաբար կազմակերպվող հոգևոր ու հիշատակի արարողություններին։

​Տեղակայում՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Արտաշավան համայնք, Երևան-Ապարան մայրուղու հարևանությամբ, Սուրբ Խաչի և Տառերի պուրակի մոտ։

Կոորդինատներ՝ 40.41097, 44.38133։