Բացահայտիր Արագածոտնը - Ծաղկաշենի «Մեռել Հարոց Ավետարան» մատուռի հրաշագործությունները

1870-ական թվականներին, թուրքական հալածանքներից փախչելով, Մուշից Արևելյան Հայաստան տեղափոխված Պողոսյանների ընտանիքն իր հետ բերեց քրիստոնեական բազմաթիվ սրբություններ, որոնցից ամենաարժեքավորը «Փոքրիկ Նարեկ» կոչվող Ավետարանն էր։
Գերդաստանի մեծ տիկին Մարգարիտ Պողոսյանի վկայությամբ՝ դեռ Մուշում, երբ թուրք կառավարչի կինը սուրբ գիրքը նետել էր թոնիրը, կրակն այրվելու փոխարեն մարել էր։
Մեծ գաղթից առաջ ընտանիքի երիտասարդ անդամ Պողոսն ու նրա քույրը երազում հրահանգ են ստանում վերցնել գիրքն ու թողնել այնտեղ, որտեղ իրենց եզը յոթ օր ու գիշեր կնստի։ Ճանապարհին նրանք հայտնվում են մի գյուղում, որտեղ կառավարիչը թուրք էր, իսկ ջրաղացպանը՝ հայ։ Այստեղ տեղի է ունենում հերթական հրաշքը. թուրք կառավարչի 12-ամյա որդին խեղդվում է ջրաղացի խողովակներում։ Ջրաղացպանին սպանության մեջ մեղադրելով՝ կառավարիչը որոշում է մահապատժի ենթարկել նրան գյուղի հրապարակում։ Այդ պահին Պողոսյանների եզը Սուրբ գրքի հետ հայտնվում է հրապարակում և նստում տղայի դիակի կողքին։ Երեխան վերակենդանանում է, վկայում, որ ջրաղացպանն անմեղ է, իսկ ընտանիքի հեռանալուց մի քանի օր անց մահանում է։ Այդ դեպքից հետո գիրքը ստանում է «Մեռել Հարոց Ավետարան» անունը։

Օրեր անց եզը հասնում է ներկայիս Ծաղկաշեն գյուղ և Արագած գետի ափին նստում յոթ օր ու գիշեր։ Հենց այդ վայրում էլ կառուցվում է մատուռը, որտեղ պահվում է Սուրբ գիրքը։
1998 թվականի ապրիլի 2-ի գիշերը Ավետարանն անհետանում է։ Ոստիկանության որոնումների արդյունքում այն գտնվում է մի հին ջրհորի մեջ։ Գողերը հասցրել էին վաճառել թանկարժեք քարերով զարդարված շապիկը, սակայն Մարգարիտ Պողոսյանը դատարանում ճանաչում է գիրքն առաջին էջերի բնանկարներով։ Հետագայում Ծաղկաշենի բնակիչներից մեկն իր միջոցներով կրկին զարդարում է գրքի շապիկը փայլուն քարերով։
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Ծաղկաշեն (Արագածոտն)
Կոորդինատները՝ 40.407983, 44.240561
Լուսանկարը ` Hushardzan. am-ի