Բացահայտիր Արագածոտնը-Օշականի բերդ-ամրոց

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Օշականի բերդ-ամրոց

Օշականի բերդ-ամրոցը պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում գտնվող հնագույն ամրոց է: Այն տեղակայված է Քասախ գետի աջ ափին:

​Պատմական աղբյուրներում ամրոցի մասին առաջին հիշատակումը պատկանում է 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդին: 5-րդ դարում այն հիշատակում է նաև Եղիշեն: Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին Արշակունի թագավորներն այն որպես նվեր հանձնել են Ամատունիների նախարարական տանը: Հավանաբար հենց այդ ժամանակներից էլ ամրոցի շուրջը ձևավորվել է փոքրիկ բնակավայր: Սակայն 6-10-րդ դարերում և հետագայում Օշականն այլևս որպես բերդ չի հիշատակվում:

​1971 թվականին ԵՊՀ պրոֆեսոր Ստեփան Եսայանի ղեկավարությամբ կատարված պեղումների արդյունքում բլրի գագաթին բացվել է մ.թ.ա. 7-5-րդ դարերի 0.25 հա տարածքով քառանկյուն ամրոց, որը հանդիսանում է ուարտական եզակի հուշարձան:

​Ճարտարապետական տեսանկյունից այն հսկայական քարերով կիկլոպյան կառույց է, որը պատկանում է դղյակ-ամրոցների տիպին: Կառույցը բաղկացած է բակից, մեծ դահլիճից, ենթադրյալ տաճարի շինությունից, ինչպես նաև երկհարկանի բնակելի ու նկուղային հարկերից: Արտաքին պատերն ունեն 2.5-2.6 մ հաստություն և շարված են տուֆե խոշոր քարերով՝ ամրացված կավե շաղախով: Հյուսիսից հարավ անցնող միջնապատը բաժանում է ամրոցը, որի ներսում և շրջակայքում պահպանվել են բազմաթիվ կառույցներ ու հնություններ:

​Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Աշտարակ քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշական գյուղ, Դիդիկոնդ բլրի վրա

Կոորդինատներ՝ 40°15′39″N 44°19′13″E