Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Գոռ Թումանյան

· Աշտարակ

Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Գոռ Թումանյան

Գոռ Սեյրանի Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին Աշտարակ քաղաքում: 2006-2014 թվականներին սովորել է Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 2014-2017 թվականներին՝ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ուջանի երաժշտական դպրոցում, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցչուհին եղել է մայրը՝ Մարինե Մնոյանը: 2017 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժին՝ պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարան:

​Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հունվարի 29-ին զորակոչվել է հայկական բանակ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ կամավորական հոր՝ Սեյրան Թումանյանի աչքի առաջ: Հուղարկավորվել է Աշտարակում:

​Գոռը երազում էր երգել Իտալիայի «Լա Սկալա» թատրոնում և հրավեր էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլատրել էր նրան մեկնել, սակայն նախ համանվագով (համաճարակով) պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, ապա ինքը որոշեց սպասել, որպեսզի ավարտի ծառայությունը (մնացել էր 3 ամիս) և պատրաստված մեկնի: 2018 թվականին արժանացել է «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

​Տաղանդաշատ երգիչն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2016 թվականին Գյումրիում անցկացված «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնում (նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին) դարձել է III կարգի դափնեկիր: 2016-2017 թվականներին «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Դասական երգ» անվանակարգում գրավել է 1-ին մրցանակ: 2017 թվականի հուլիսի 14-15-ին Երևանում «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթում գրավել է 1-ին տեղը: Նույն թվականի սեպտեմբերի 22-27-ին Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում անցկացված «La riqueza de voz» մրցույթում նվաճել է Ոսկե գավաթ: 2018 թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը Թուրքիայի Սիդե քաղաքում անցկացված «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոնում արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

​Հայրենիքին մատուցած ծառայությունների և սխրանքի համար Գոռ Թումանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով և «Քաջարի մարտիկ» շքանշանով: