Բացահայտիր Արագածոտնը-Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի
· Թալին

Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցին (հայտնի է նաև որպես Կամսարական եկեղեցի) վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության կանգուն հուշարձաններից է։
Ըստ արևմտյան պատին պահպանված արձանագրության՝ եկեղեցին 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը։
Արձանագրության մեջ նշված է. «Ես Ներսեհ Ապոհուպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխօսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։
Ճարտարապետական առումով կառույցը պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր եկեղեցիների ենթատիպին։
Արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։
Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից, իսկ հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից առկա է փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։
Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից առանձնանում է երկշարք, տամնաշար քիվը։
Դարերի ընթացքում շրջակա միջավայրի ազդեցության և աղետների հետևանքով եկեղեցին զգալի վնասներ է կրել։ 1998 թվականին դուբայաբնակ բարերարի աջակցությամբ կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում դիպվածով գտնվել է կտուրի կղմինդրի բնօրինակը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ճշգրիտ վերականգնել տանիքը։
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Թալին քաղաքի հյուսիսային եզրին, Թալինի Կաթողիկե (Մեծ) տաճարից ոչ հեռու։
Կոորդինատները՝ 40.3888° N, 43.8726° E