Բացահայտիր Արագածոտնը-«Զաքարի բերդ» պատմամշակութային հուշարձանը

«Զաքարի բերդ» պատմամշակութային հուշարձանը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում։ Այն տարածաշրջանի ամենայուրօրինակ կառույցներից է, որի հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա. 1-ից մ.թ. 1-ին դարերին, իսկ ամրոցը հավանաբար կառուցվել է ուշ անտիկ - վաղ միջնադարյան շրջանում՝ III–V դարերում, Արշակունի թագավորների կողմից։ Այն ծառայել է որպես արքունի խոշոր զորակայան և Արարատյան դաշտը հյուսիսային նախալեռնային գոտուց պաշտպանող ամրաշինական համակարգի կարևոր օղակներից մեկը։
Ամրոցն իր տիրոջ՝ Զաքարի անունով է կոչվել «Զաքարի բերդ»։ Համալիրն ունեցել է կոպտատաշ տուֆ քարից կառուցված 3-5 մետր հաստությամբ պարիսպներ, որոնք ամրացված են եղել որմնահեցերով և քառակուսի աշտարակներով։ Բերդի տարածքում պահպանվել են բնակելի, հասարակական, հոգևոր և տնտեսական նշանակության կառույցներ՝ քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, եկեղեցու, ինչպես նաև հացահատիկի մթերանոց-ամբարների ավերակներ։
Մեծաքանակ խոշոր ամբարները թույլ են տվել բերդի բնակիչներին պահել մի քանի ամսվա պաշար և ամիսներ շարունակ դուրս չգալ ամրոցից՝ չզգալով պարենի պակաս։
Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ական թվականների սկզբին՝ անվանի հնագետ Եսայի Ասատրյանի խմբի կողմից, որի ընթացքում հայտնաբերվել են հնագիտական մեծարժեք իրեր։ Հետագայում՝ նոյեմբերի 5-ին, Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ծառայության, հնագետի ընտանիքի և շահագրգիռ կողմերի միջև։
Ըստ դրա՝ 2022 թվականից մեկնարկել են «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման և հետագա ուսումնասիրության աշխատանքները։
Տեղակայումը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Կաթնաղբյուր համայնք։
Կոորդինատները՝ 40.3644° N, 43.9189° E