Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Նարեկ մատուռ

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Սուրբ Նարեկ մատուռ

​Սուրբ Նարեկ մատուռը Հայ Առաքելական Եկեղեցու մատուռ է, որը կառուցվել է 2012 թվականին՝ «Պապեի Նարեկ» անվամբ հայտնի սրբավայրի տեղում: Մատուռի օծման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 25-ին:

​Ապարանի Քյոլուքա (այժմ՝ Վարդենիս) գյուղում դարեր շարունակ պահպանվել է մի Ավետարան, որը ժողովրդի մեջ հայտնի էր «Պապեի Նարեկ» անունով: Գիրքը պատկանել է մի ընտանիքի, որի նախահոր անունը Պապե էր: Այն «Նարեկ» էր կոչվում ոչ թե Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը լինելու պատճառով, այլ որովհետև, չնայած Ավետարան լինելուն, օժտված էր բժշկող հատկությամբ: Խոսքը 1710 թվականին Կոստանդնուպոլսում տպագրված հրաշագործ բժշկության Ավետարանի մասին է: Գիրքը պահվում էր Պապեի, իսկ հետագայում՝ նրա հարազատների տանը, որը գտնվում էր գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ:

​Ժամանակի ընթացքում Պապեի ժառանգները լքել են տունը և բնակություն հաստատել արտերկրում՝ իրենց հետ տանելով նաև Սուրբ գիրքը: Տունը մնացել է կիսավեր վիճակում, սակայն գյուղացիները շարունակել են այցելել այդ վայրը, մոմեր վառել և աղոթքներ ասել այն հատվածում, որտեղ դրված էր գիրքը:

​2010 թվականին, երբ կայացվեց գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին վերակառուցելու որոշումը, որոշվեց նաև փլուզման եզրին գտնվող տան տեղում կառուցել մատուռ: Բարերար Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 2011 թվականին մեկնարկեցին շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին 2012 թվականին:

​Արտերկրում գտնվող Պապեի ժառանգների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում գիրքը տեղափոխվեց Հայաստան: Մատենադարանում շուրջ երկու տարի վերականգնողական աշխատանքներ անցնելուց հետո այն հատուկ պահպանման պայմաններով տեղադրվեց Սուրբ Նարեկ մատուռում:

​Մատուռը փոքր շինություն է՝ 4,15 մետր երկարությամբ, 3,10 մետր լայնությամբ և 4,60 մետր բարձրությամբ: Ներսի մակերեսը 7 քառակուսի մետր է: Մատուռի հետևի հատվածում՝ սուրբ սեղանի հետևում, առկա է խաչի տեսքով պատուհան: Ներսում տեղադրված է մոմավառության համար նախատեսված սեղան: Մատուռն ունի 173 սմ բարձրություն և 90 սմ լայնություն ունեցող փայտե դուռ, որի վրա փորագրված է հայկական խաչ: Ներսում դրված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության տպագրություններից մի օրինակ՝ ոսկեօծ կազմով:

​Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ հավատացյալների թափորը շարժվում է դեպի Սուրբ Նարեկ մատուռ: Տարվա մեջ միայն այդ օրը մատուռից դուրս է բերվում և Սուրբ Հակոբ եկեղեցի է տեղափոխվում 1710 թվականի հրաշագործ Ավետարանը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան հաղորդակցվելու սրբությանը:

​ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Վարդենիս

Կոորդինատներ. 40.489111, 44.381333