Բացահայտիր Արագածոտնը-Եղնիկ գյուղ

Եղնիկը Արագածոտնի մարզի Թալին համայնքի գեղատեսիլ լեռնային բնակավայրերից է:
Գյուղի պատմական անցյալը սերտորեն կապված է տարածաշրջանի հնագույն բնակատեղիների հետ։ Բնակավայրի գլխավոր պատմամշակութային արժեքներից է գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվող X–XII դարերի «Եղանց» պատմական գյուղատեղին, որտեղ պահպանվել է 1866 թվականին կառուցված Սուրբ Նշան եկեղեցին:
Գյուղն աչքի է ընկնում իր բարձրադիր դիրքով, մաքուր, զով լեռնային օդով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ: Տեղանքը հարուստ է արոտավայրերով, ինչն էլ պատմականորեն ձևավորել է տեղական տնտեսության հիմնական ուղղությունները՝ դաշտավարությունն ու անասնապահությունը։
Եղնիկի բնակիչներն աչքի են ընկնում բարձրալեռնային բնակավայրերին բնորոշ աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և համախմբվածությամբ: Դժվարին կլիմայական պայմաններում ապրելն ու աշխատելը կոփել են նրանց կամքը՝ ձևավորելով ուղղամիտ, ազնիվ և ավանդապաշտ բնավորություն:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, մարզկենտրոնից 49 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա
Կոորդինատները՝ 40°24'0"N 43°57'0"E
Լուսանկարը` Արի Թալին ֆեյսբուքյան էջից