Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Աշուղ Ռազմար Սասունցի

· Արագածոտն

Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Աշուղ Ռազմար Սասունցի

Աշուղ Ռազմար Սասունցին (իսկական անունը՝ Ռազմարա Պանդուխտի Վարդումյան) ծնվել է 1952 թվականին Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Իրինդ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Նովոսիբիրսկի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում:

​Իր ստեղծագործական ու աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է Թալին քաղաքի մշակույթի տանը, որպես երգիչ հանդես է եկել «Մարաթուկ» և «Գանձասար» անսամբլներում: Ավելի ուշ հիմնադրել և ղեկավարել է «Սասնա ծռեր» ու «Էրգիր» աշուղական երգի անսամբլները: 2005 թվականին ձեռնադրվել է և ստացել աշուղ-վարպետի կոչում:

​Ռազմար Սասունցին հեղինակել է մի շարք հայտնի երգեր, որոնցից են «Անցնինք Սասուն, մտնինք Վան», «Հավքերն եկան», «Անդրանիկին» և այլն: Նա նաև հրատարակել է երկու գիրք՝ «Անցնինք Սասուն, մտնինք Վան» (2008 թ.) և «Անուշ էրգիր» (2012 թ.):

​Հայ մշակույթի բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար 2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: Ամուսնացած է, ունի երկու զավակ: