Բացահայտիր Արագածոտնը- Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը Ագարակում

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կանգնեցված Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը կառուցվել է 2007 թվականին՝ բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ:
Հուշարձանի ճարտարապետն է Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավայանը: Հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 23-ին:
Հուշարձանը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած 96 ագարակցիների հիշատակին, որոնցից 43-ը չեն վերադարձել տուն: Նրանց անունները հայերենով և ռուսերենով քանդակված են հուշարձանի պատերին:
Կառույցն ունի երեք կամար, որոնցից երկուսը միահավասար են, իսկ երրորդը՝ ավելի փոքր:
Երկու միահավասար կամարները խորհրդանշում են Հայոց Ցեղասպանությունն ու Հայրենական Մեծ պատերազմը, իսկ փոքր կամարը՝ Արցախյան ազատամարտը: Միահավասար կամարների ներքևում քանդակված է ցորենի հասկը, որը ներկայացնում է առատությունն ու բերրիությունը, իսկ դրա վերևում գտնվող նուռը արտահայտում է հայ ժողովրդի միասնության գաղափարը:
Բացման արարողության ժամանակ Ռուսաստանի վետերանների կոմիտեի նախագահի տեղակալ, բանակի գեներալ Վիկտոր Երմակովն իր խոսքում նշել է. «Այս հուշակոթողը շունչ ու տեսք հաղորդեց Ագարակ գյուղին: Եթե այս հուշակոթողը տեղադրվեր Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում կամ էլ Երևանում, հավաստիացնում եմ՝ այն կզարդարեր ցանկացած քաղաք իր գեղեցիկ հորինվածքով և խորհրդով:»
Տեղակայումը
ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ (Աշտարակի տարածաշրջան)
Կոորդինատները
40.3275° N, 44.2778° E