Բացահայտիր Արագածոտնը- Սուրբ Երրորդություն եկեղեցի («Գրիգորաշեն», «Կարմիր վանք»)

Սուրբ Երրորդություն եկեղեցին (հայտնի է նաև «Գրիգորաշեն» և «Կարմիր վանք» անուններով) Հայ Առաքելական եկեղեցու վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի կոթողներից է: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության՝ այն թվագրվում է 6-7-րդ դարերով:
Եկեղեցին կենտրոնագմբեթ է և բազմախորան: Այն ունի 6 պայտաձև խորան, որոնց մեջ տեղադրված են եռանկյունաձև, կամարակապ որմնախորշեր: Կառույցն ունեցել է բազմաստիճան որմնախարիսխ, պայտաձև կամարներ, ինչպես նաև եռանկյունաձև ճակտոնով ու որմնասյուներով շքամուտք, որոնցից այժմ պահպանվել են միայն հետքերը: Միակ մուտքը տեղադրված է հարավարևմտյան կողմում:
Շինությունը կառուցված է դեղնակարմրավուն սրբատաշ տուֆից: Եկեղեցու թմբուկի հյուսիսային պատուհանի պսակին առկա է փորագրություն, որտեղ հիշատակված է ճարտարապետի անունը՝ Գրիգոր: Սա էլ հենց հիմք է հանդիսացել, որ հուշարձանը կոչվի նաև «Գրիգորաշեն»: Հայկական ճարտարապետության պատմության մեջ հայտնի են վեց խորաններով ընդամենը 13 եկեղեցիներ, որոնցից կանգուն են մնացել միայն Արագածավանի (Գետափի) Սուրբ Երրորդությունն ու Բագարանի Շուշանա վանքը:
Տեղակայում՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան, Գետափ գյուղից մոտ 3 կմ դեպի արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին
Կոորդինատներ՝ 40°21′35″N 43°35′49″E