«Բլատնոյ»` Հովհաննավանքի տարածքում. ռաբիզն ու ֆուրշետը խաթարել են հոգևոր մթնոլորտը

Նախօրեին Հովհաննավանքի բակում հնչած ռուսական ռաբիզ երաժշտության խնդիրը տեղի աշխատակիցը որակեց որպես սադրանք՝ պնդելով, թե այն կազմակերպել են մարդիկ, որոնք դեմ են կարգալույծ հռչակված նախկին քահանային։
Շուրջ մեկ տարի առաջ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան՝ այժմ Ստեփան Ասատրյանը, թույլատրել է, որ եկեղեցու տարածքում երաժշտություն հնչի, ինչպես նաև հյուրասիրություն կազմակերպվի։
Ինքը՝ Ստեփան Ասատրյանը, սակայն, 24News-ի հետ զրույցում հերքում է, թե եկեղեցու կանոններից դուրս բարձր ու ռաբիզ երաժշտություն է հնչել, սակայն ֆուրշետ, նրա խոսքով, այո՛, եղել է։
Հովհաննավանքի տարածքում միջոցառում կազմակերպած անձինք Երևանից են եղել։ Ըստ նախկին քահանայի՝ իրենք էլ են վրդովված, որ իրենց տեսանյութերը տարածվել են այլ մեկնաբանությամբ։
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որը թեև եկեղեցու ավագ քահանան է, սակայն, քանի որ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը չի լքել եկեղեցին, խժդժություններից խուսափելու համար հոգևոր ծառայություն է իրականացնում Ապարանում, 24News-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու օր է՝ եկեղեցու տարածքում կերուխում են անում։
Նախկինում ևս նմանօրինակ դեպք է արձանագրվել եկեղեցու տարածքում։ Սպասավորները թույլ են տվել, որպեսզի ֆուրշետ տեղադրվի՝ առանց խմիչքների, սակայն չեն հետևել, որպեսզի պահպանվեն բոլոր կանոնները։ Խախտվել են եկեղեցու օրենքները, ինչի համար թեմակալ առաջնորդի կողմից երկու քահանաները խիստ նկատողություն են ստացել, և այլևս արգելվել են նմանօրինակ թույլտվությունները։
Ավելի ուշ Մայր Աթոռը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղի ունեցող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը և անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։
Մերի Մանուկյան