Բացահայտիր Արագածոտնը - Հայոց այբուբենի հուշարձան

Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին:
Այն տեղակայված է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում՝ Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին:

Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ:

Գաղափարի հեղինակը Աղվան Հովսեփյանն է, իսկ ճարտարապետը՝ Ֆրեդ Աֆրիկյանը:
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները:

Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թվականներին լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի քրիստոնեությունը:
Թեև Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, այն ամբողջացվել է Միջին դարերում:

Համալիրի տարածքում տեղադրված են մի շարք ուշագրավ քանդակներ, այդ թվում՝ «Գրիգոր Լուսավորիչ», «Գրերի արարումը, 405», «Մովսես Խորենացի» և «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան):

Առանձնահատուկ է «Անանիա Շիրակացի» 4 մետր բարձրությամբ տուֆակերտ արձանը (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան), որտեղ Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքն ուղղված է ներքև՝ խորհրդանշելով կապը երկնքի և երկրի հետ:

Տարածքում է գտնվում նաև «Խաչատուր Աբովյանի» արձանը, որի ներքևում քանդակված են նրա հայտնի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»:
Մեկ այլ հայտնի քանդակ է «Թումանյանը և իր հերոսներից Գիքորը», որի հեղինակն է Սարգիս Ղարիբյանը (Սևո):
Այս վայրը ոչ միայն զբոսաշրջային կանգառ է, այլև հարգանքի տուրք հայոց լեզվին ու մշակույթին:
Կոորդինատներ: 40°24'23"N 44°22'56"E