Արագածոտնի մարզի երեք բնակավայրում բնակարանաշինության ծրագրի ազատ քվոտաներ կան

· Արագածոտն

Արագածոտնի մարզի երեք բնակավայրում բնակարանաշինության ծրագրի ազատ քվոտաներ կան

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է,- տեղեկացնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։

Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով՝

• մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար,

• մինչև 13%՝ վարկի տոկոսագումարի մարման համար։

Ծրագրից կարող են օգտվել՝

• 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

• այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։

Տվյալ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմող շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում։

• այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա են հետևյալ ազատ քվոտաները՝ Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10)։

Տվյալ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուները պետք է ունենան առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա, չունենան անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ հաշվառում Երևան քաղաքում։