Արագածավանի նորակառույց դպրոցում քննարկվել են Գետափի աշակերտների տեղափոխման հարցերը. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Արագածավանի նորակառույց դպրոցում քննարկվել են Գետափի աշակերտների տեղափոխման հարցերը. Թալինի համայնքապետարան

Գետափի միջնակարգ դպրոցի աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոց։

Այցին ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ:

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀՀ կառավարության ծրագրով վերջերս կառուցված Արագածավանի թիվ 1 դպրոցի շենքային ժամանակակից պայմաններին, լուսավոր ու հարմարավետ դասասենյակներին, լաբորատորիաներին և կրթական նոր հնարավորություններին:

Այցելության ավարտին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Գետափի դպրոցի ուսուցչական կազմի, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Քննարկման առանցքում էին աշակերտների՝ Արագածավանի նորակառույց դպրոց տեղափոխման, հաճախման կազմակերպչական մանրամասները, տրանսպորտային միջոցների ապահովման և ուսումնական գործընթացի սահուն անցման հետ կապված հարցերը:

Համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները պատասխանեցին ծնողներին հուզող հարցերին՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը երեխաների համար որակյալ, անվտանգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական միջավայրի ապահովումն է:

Թալինի համայնքապետարան