Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները

Գեղարոտում բնական աղետներ հաճախ չեն լինում, սակայն կեսօրից սկսված փոթորիկը շրջել էր էլեկտրասյուներ, գյուղապետարանի տանիքը պոկել-շպրտել գազի խողովակների վրա, կարկուտը մեծ վնաս էր հասցրել արտերին։
«Փառք Աստծո, քիչ են լինում էստեղ աղետները, ու , փառք Աստծո, զոհեր չունեցանք,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Գեղարոտը ներառող Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը։
Նա կարևորեց մեծ չափով վնասված շենքերի նորոգումը կազմակերպելը։ «Հետևանքները մենք ներկայացրել ենք, եթե վերևներից մեզ կօգնեն, շատ լավ կլինի, եթե՝ չէ, մենք հրատապով կկառուցենք,- ասաց Հակոբյանը,- ճիշտ է, սուղ են մեր համայնքի միջոցները, բայց շենքերի նորոգումն անպայման պիտի արվի»։
Նրա խոսքով՝ մեծ խնդիրներ կան նաև բերքին՝ կարկուտի վնասի հետ կապված։ Այդ ամենը նախատեսվում է առաջիկա օրերին հաշվառել և ներկայացնել կառավարությանը։ Շենքերի դիտարկումն արդեն արվել է․ մարզպետարանի աշխատակիցները գույքագրել են խնդիրները և հիմա պիտի կատարվի գնահատում։
Հակոբյանի նախնական հաշվարկով՝ շենքերին հասցված վնասը կազմում է մոտ 3․5 մլն դրամ, իսկ արտերին հասցված վնասի մասին դժվարացավ խոսել, քանի որ ամբողջը դեռ չեն դիտարկել։ «Կարևորը երկու շենք են, որոնց վնասները մեծ են, մյուս երկու շենքերը թեթև վնասներ են կրել»,- ասաց Հակոբյանը։