Բացահայտիր Արագածոտնը-Ափնագյուղ

Ափնագյուղը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի պատմամշակութային հարուստ անցյալ ունեցող բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ Ափնա անունով հիշատակվում է XIII դարից, երբ Սաղմոսավանքի գրատան պատին փորագրված արձանագրության համաձայն՝ ափնագյուղացի Սասնե, Վաչե և Գրիգոր եղբայրները հող են նվիրաբերել վանքին։ Բնակավայրն Ափնա անունով է հիշատակվում նաև Սահակ գրչի 1644 թ․ հիշատակարանում։ Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ՝ անվանումը ծագել է «երևում է ինչպես ափի մեջ» արտահայտությունից, սակայն առավել հավանական է, որ այն ձևավորվել է Քասախ գետի ափին գտնվելու պատճառով (Ափի գյուղ -> Ափնա-գյուղ)։
Գյուղի այժմյան բնակչության նախնիները 1828-1829 թվականներին ներգաղթել են Բայազետից (60 ընտանիք) և Մուշից (1 ընտանիք)։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Ափնագյուղը աչքի է ընկնում իր պատմամշակութային ու գրական հարուստ ժառանգությամբ։ 1901 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանցն այստեղ մշո բարբառով գրի է առել «Սասնա ծռեր» էպոսի նոր տարբերակը։ Բացի այդ, ափնեցի կանայք հայկական խոհանոցին են տվել յուրօրինակ մի ուտեստ՝ կանեփով տոլման, որից հետագայում առաջացել է պասուց տոլման։ Գյուղին է նվիրված նաև պատմաբան Տիգրան Պետրոսյանցի կողմից տպագրության պատրաստված «Ափնագյուղ» հանրագիտարանը։
Ափնեցիներն աչքի են ընկնում հայրենասիրական բարձր գիտակցությամբ, անկոտրում մարտական ոգով, ազգային արժեքներին հավատարմությամբ և շինարար ու ստեղծագործ աշխատասիրությամբ։ 1918 թվականի մայիսի 22-29-ին գյուղի 200-ից ավելի որդիներ մասնակցել են Ապարանի հերոսամարտին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 147 ափնեցի (96-ը զոհվել են), իսկ Արցախյան ազատամարտին՝ մոտ 30 բնակիչ (5-ը զոհվել են, 6 մասնակից արժանացել են ՀՀ «Արիության» մեդալի)։
Գյուղի կենտրոնում կանգնեցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձան-կոթողը, իսկ համալիրի աջ կողմում՝ Արցախյան ազատամարտի զոհվածներին նվիրված խաչքարերը։
Ափնագյուղը գտնվում է Քասախ գետի աջ ափին, Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 15 կիլոմետր հարավ, ծովի մակերևույթից 1801-1810 մետր բարձրության եռանկյունաձև հարթ բարձունքի վրա։
Կոորդինատներն են՝ 40°26′22″N 44°23′46″E։