Մոտ 2 մլրդ դրամ կհատկացվի մարզային դպրոցների ճանապարհների նորոգման համար

· Արագածոտն

Մոտ 2 մլրդ դրամ կհատկացվի մարզային դպրոցների ճանապարհների նորոգման համար

Պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կհատկացվի մարզերում դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքների համար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում:

Որոշման համաձայն՝ գումարը կվերաբաշխվի ֆինանսների նախարարության պետական պարտքի սպասարկման միջոցառումից և կտրամադրվի Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզպետների աշխատակազմերին՝ կլաստերային դպրոցներ տանող շուրջ 9.83 կիլոմետր երկարությամբ ճանապարհների շինարարության համար։

Ֆինանսավորումը ներառում է նաև Տավուշի մարզի մի շարք դպրոցներ, այդ թվում՝ Իջևանի թիվ 4, Թեղուտի, Տավուշի միջնակարգ և Բերդավանի դպրոցներ տանող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը, ինչպես նաև Լուսաձոր տանող ճանապարհի լրացուցիչ փոսային նորոգման աշխատանքները։

Աշխատանքներն իրականացվում են դպրոցներ տանող ճանապարհների բնականոն ընթացքն ապահովելու և կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հնգամյա ծրագրում ընդգրկված կրթական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով։