11-ամյա Սարգիսն իր հեղինակած կտավը նվիրել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցուն

· Արագածոտն

11-ամյա Սարգիսն իր հեղինակած կտավը նվիրել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցուն

11-ամյա Սարգիս Արաբյանը  4 տարեկանում Լիբանանից տեղափոխվել է Հայաստան և այժմ ապրում ու ստեղծագործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։


Նա  6 տարեկանից ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ միջազգային և տեղական մրցույթների ու ցուցահանդեսների։
​Սարգիսի տաղանդը ճանաչում է գտել ինչպես Հայաստանում (Դիլիջան, Ծաղկաձոր, Գյումրի), այնպես էլ արտերկրում։ Նա Դուբայում գրավել է 1-ին, Վրաստանում՝ 2-րդ, իսկ Կիպրոսում արժանացել է «Գրան պրի» մրցանակին։

Հատկանշական է, որ այս տարի Վրաստանում կայացած մրցույթում նա կրկին արժանացել է «Գրան պրի» մրցանակի։

​Պատանի նկարչի նախասիրությունների կենտրոնում դիմանկարչությունն է։ Նա վրձնել է հայտնի դեմքերի, այդ թվում՝ Մարտին Յորգանսին, Հարութ Փամբուկչյանին, և Հակոբ Մկրտչյանին և այլ նշանավոր մարդկանց դիմանկարները։

Տաղանդաշատ պատանին թերևս իր ամենաբարդ աշխատանքներից մեկը` Քրիստոսի դիմանկարը նվիրել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցուն։ Տեղի քահանա Տեր Եղիշե Բարսեղյանը մեծ ուրախությամբ է ընդունել նվերը՝ նշելով, որ այն իր մնայուն տեղը կգտնի եկեղեցու արժեքավոր նվերների ցանկում։