«Նա չի մահացել, նա անմահացել է». Գեղաձորում հարգանքի տուրք են մատուցել անմահ հերոս, լեյտենանտ Մանուկ Միքայելյանի հիշատակին. Գեղաձոր բնակավայր

Սեպտեմբերի 14-ը մեր պատմության հերթական ցավոտ, բայց և հպարտ էջերից է։ Այսօր լրանում է հայրենիքի անձնվեր զավակ, հայոց բանակի արիասիրտ սպա, լեյտենանտ Մանուկ Արմենի Միքայելյանի զոհվելու տարելիցը։
Մանուկը սովորական զինվորական չէր. նա հրետանավորի իր բարձր մասնագիտական հմտությամբ և հրամանատարական կոչմանն արժանի վեհությամբ մնաց իր զինվորների կողքին մինչև վերջին շունչը և կռվեց հանուն հող-հայրենիի։ Լինելով սպա՝ նա գերադասեց հրամաններ արձակել ոչ թե թիկունքից, այլ ընտրեց ամենադժվար ու պատվաբեր ճանապարհը՝ մարտադաշտում մենակ չթողնել իր անձնակազմին և պայքարել հանուն յուրաքանչյուր թիզ հողի։
Նրա կարճ, բայց բովանդակալից կյանքն ու սխրանքը մնայուն հետք են թողել ոչ միայն հարազատ Գեղաձորում, այլև ողջ հայության սրտերում։ Այսօր նրա անունը կրող դպրոցական դասասենյակն ու հայրենի գյուղում վեր խոյացող հուշահամալիր-կիսանդրին լուռ վկաներն են այն մեծ հայրենասիրության, որով տոգորված էր Մանուկը։
Մանուկ Միքայելյանի կերպարը հավերժ կմնա որպես արժանապատվության, սպայական պատվի և անձնազոհության վառ օրինակ։ Նա չի մահացել, նա անմահացել է՝ միանալով հայոց երկնային զորքին։
Հավերժ փա՛ռք ու խոնարհում քո սուրբ հիշատակին, արիասիրտ լեյտենանտ․ քո գործն անմահ է, անունդ՝ հավերժ մեր սրտերում։